.
2026թ., Հոկտեմբերի 4

Սաղմոսներ 63. 1-8                                                                             Կիրակի   |   Հոկտեմբեր 4

 

Երբ իմ անկողնում հիշում եմ քեզ․․․Որովհետև դու ինձ օգնական եղար․․․ Սաղմ․ 63․6-7

 

ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Մանկության տարիներին, երբ գիշերվա կեսին արթնանում էի, հաճախ հյուրասենյակում տեսնում էի մայրիկիս՝ բազկաթոռին նստած։ Սեղանի լամպի լույսը լուսավորում էր նրա ծնկներին բացված Աստվածաշունչը։ Մայրիկը տառապում էր անքնությունից և քրոնիկ ցավերից, սակայն այդ անքուն ժամերը նվիրում էր Աստծո հետ հաղորդակցությանը։ Մենք գրեթե չէինք խոսում. ես չափազանց քնկոտ էի։ Պարզապես գլխով էի անում ու շարունակում ճանապարհս միջանցքով։ Բայց ես գիտեմ՝ այդ խաղաղ ու լուռ վաղ առավոտյան ժամերին մայրիկը հաղորդակցվում էր Աստծո հետ, իսկ Նա խոսում էր նրա սրտի հետ։

Ինչպե՞ս կարող ենք ժամանակ գտնել Տիրոջը ճանաչելու և Նրա հետ ավելի մտերիմ հաղորդակցվելու համար։ Պարտադիր չէ սպասել անքուն գիշերվան։ Հիսուսն առավոտյան վաղ առանձնանում էր աշակերտներից և ժամանակ անցկացնում Իր Երկնային Հոր հետ (Մարկ. 1․35)։ 

Աստվածաշունչն ասում է․ «Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը» (Սաղմ. 46․10)։ Աստծո հետ մտերմության ձգտման լավ օրինակ է Դավիթը։ Նույնիսկ ամենադժվար պայմաններում նա դիմում էր Արարչին և փառաբանում Նրան՝ Նրա ով լինելը ճանաչելով ու մեծարելով (Սաղմ. 63․1-8)։

Մեզ շրջապատող աշխարհն աղմկոտ է, և մենք շեղվում ենք դրանից։ Հետևաբար, կարևոր է միտումնավոր փնտրել այն լռության պահերը, որոնք հազվադեպ են առաջանում ընտանիքի և աշխատանքի եռուզեռի մեջ։ Իսկ մենք Աստծուն կգտնենք լռության մեջ։

Նա արթուն է։ Նա լսում է։ Նա միշտ պատրաստ է ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր փնտրում են Իրեն։

 

Ի՞նչն է խանգարում մեզ ժամանակ գտնել Աստծո հետ հաղորդակցվելու համար։ Ինչպե՞ս կարող ենք պատրաստել մեր սիրտը, որպեսզի Նրա առաջ հանդարտվենք ու խաղաղվենք։     

 

Աղոթք – Տե՛ր Հիսուս, սովորեցրո՛ւ ինձ փնտրել Քեզ և խաղաղություն գտնել Քո ներկայության մեջ։ Օգնի՛ր մի կողմ դնել ամեն ավելորդ բան և փառաբանել Քեզ՝ Քո ով լինելը ճանաչելով ու մեծարելով։ Ամեն։

 

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 20-22, Եփեսացիներին 6