.
2026թ., Հոկտեմբերի 5

Մատթեոս 13. 44-46                                                                    Երկուշաբթի   |   Հոկտեմբեր 5

 

Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի… Մատթ․ 13․44 

 

ԻՐԱԿԱՆ ԳԱՆՁ

 

Ջեյմսը երկար պարանին ամրացրած հզոր մի մագնիս նետեց ծովը, որպեսզի ծովի հատակից մետաղյա իրեր հավաքի։ Ջեյմսը զարմացավ, երբ աշխատանքի ընթացքում ջրից հանեց փողով լցված մի չհրկիզվող պահարան։ Ոստիկանության աշխատակիցները Ջեյմսին ասացին, որ նա կարող է գումարը պահել իրեն, քանի որ դա գրանցված որևէ հանցագործության հետ կապ չունի։ Թղթադրամների մի մասը վնասված էր, սակայն Ջեյմսը հույս ուներ, որ մյուս մասը կկարողանա փրկել և իր համար տուն գնել։

Թաքնված գանձ գտնելն իրական հաջողություն է։ Հիսուսը պատմեց մի մարդու մասին, ում հետ հենց այդպիսի բան էր պատահել։ «Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է և թաքցրել։ Նա ուրախությունից գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը» (Մատթ. 13․44)։ Այս մարդը հասկացել էր գտած գանձի արժեքը և պատրաստ էր վաճառել իր ունեցած ամեն ինչ, որպեսզի ձեռք բերեր այդ արտը։

Այս առակի շուրջ խորհելով՝ հասկանում ենք, որ ոչ մի հարստությամբ հնարավոր չէ վճարել մեր մեղքի գինը։ Միայն Քրիստոսն էր, որ կարող էր վճարել այդ անգնահատելի գինը՝ Իր զոհաբերական մահով և հարությամբ մեզ փրկագնելու և Հոր հետ հաշտեցնելու համար։

Երկրային գանձերը կարող ենք կորցնել, դրանք կարող են գողացվել կամ փչանալ, ինչպես Ջեյմսի գտած թղթադրամները։ Ուստի երախտագիտությամբ ընդունե՛նք Հիսուս Քրիստոսի մեծ զոհը և Նրա պարգևած հավիտենական կյանքի շնորհը։ Սա է ամենաթանկ ու լավագույն գանձը։

 

Ինչո՞ւ է Քրիստոսն այդքան թանկ ու արժեքավոր մեզ համար։ Հավիտենության մեջ Նրա հետ լինելու համար ինչի՞ց ենք պատրաստ հրաժարվել։

 

Աղոթք – Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ այն երկնային գանձի համար, որ ստանում են Քեզ հավատացողները: Ամեն։

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 23-25, Փիլիպպեցիներին 1