Ա Թագավորների 21. 10-15 Երեքշաբթի | Հոկտեմբեր 6
Տերը փրկում է իր ծառաների անձը, և բոլոր նրան ապավինողները չեն դատապարտվի։ Սաղմ․ 34․22
ԴԱՎԹԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
Ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակչում Դավիթը կոտրեց աջ կողոսկրը։ Նա հաղթեց մենամարտը, բայց չէր կարող պատկերացնել, թե ինչպես կհաղթահարեր եզրափակչը նման վնասվածքով։
Եզրափակչում նա հնարամիտ գտնվեց՝ փորձելով շեղել մրցակցին, և գորգ մտավ ձախ ոտքը առաջ։ Հետևաբար, մրցակիցն անընդհատ հարձակվում էր նրա վրա ձախ կողմից։ Այդպիսով Դավիթը կրկին հաղթեց։
Նույն անունով մեկ այլ հերոս նույնպես խորամանկություն կիրառեց վտանգավոր իրավիճակից խուսափելու համար։ Երիտասարդ զորավար Դավիթը փախչում էր Սավուղ թագավորից, ով իր մահն էր ցանկանում։ Ինքն իրեն փրկելու հուսահատ փորձով նա գնաց փղշտացիների՝ Իսրայելի թշնամիների մոտ։ Այնտեղ նրան ճանաչեցին և բերեցին Անքուս թագավորի մոտ։ Դավիթն «իրեն խելագար ձևացրեց... նշաններ էր գծում դռների փեղկերին և լորձունքը ծորեցնում էր իր մորուքի վրա» (Ա Թագ․ 21․13), և խորամանկությունն աշխատեց (հ․ 14-15)։
Կարելի է վիճել այն հարցի շուրջ, թե արդյոք Դավիթը ճիշտ վարվեց։ Սակայն 34-րդ Սաղմոսը լույս է սփռում նրա մտքերի վրա։ Դավիթն իր փրկության պատճառ չի համարում սեփական հնարամտությունը, այլ՝ ամենակարող Աստծուն։ Նա ասում է․ «Ես դիմեցի Տիրոջը, և նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ» (Սաղմ. 34․4)։ Իսկ մեկ այլ տեղ ասվում է. «Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից» (հ. 7)։ Դավիթը փրկություն էր փնտրում փղշտացիների մոտ, սակայն իսկական ապաստանը գտավ միայն Աստծո մեջ (հ. 9, 23)։
Ե՞րբ են հանգամանքները մեզ ստիպել դիմելու հուսահատ քայլերի, որոնց համար հետո զղջացել ենք։ Ինչպե՞ս է Աստծուն դիմելը փոխում մեր վերաբերմունքը նման իրավիճակների հանդեպ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, գիտեմ, որ սեփական հասկացողությանս վրա հույս դնելն ինձ դժվարությունների կտանի։ Օգնի՛ր ինձ յուրաքանչյուր դժվարություն տեսնել որպես Քեզ դիմելու հնարավորություն։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 26-27, Փիլիպպեցիներին 2