Փիլիպպեցիներին 3. 17-21 Չորեքշաբթի | Հոկտեմբեր 7
Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին։ Փիլ․ 3․20
ՍՊԱՍԵԼՈՎ ՔՐԻՍՏՈՍԻՆ
Մանկության տարիներին ես սիրում էի այցելել մեր քաղաքի մի փոքրիկ սրճարան։ Ինձ հատկապես դուր էին գալիս այնտեղ մատուցվող խրթխրթան վաֆլիներն ու քաղցր թեյը։ Երբ մեծացա և տեղափոխվեցի մեկ այլ քաղաք, կարոտում էի իմ սիրելի աղանդերը։ Ամեն անգամ ծնողներիս այցելելիս միշտ այնպես էի պլանավորում ճանապարհս, որ կարողանայի մտնել այդ սրճարանը։ Եվ հույս ունեի, որ մի օր իմ բնակության վայրում էլ նման մի սրճարան կբացվի։
Հավանաբար, բոլորս էլ ինչ-որ բան կարոտում ենք։ Երբեմն կարոտում ենք այնպիսի բաներ, որոնց կարիքն իրականում ընդհանրապես չունենք, օրինակ՝ մեր սիրելի սրճարանը։ Բայց երբեմն այդ կարոտը խորն ու իսկապես կարևոր ցանկություն է արտահայտում։
Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում Պողոսը հորդորում էր ապրել՝ մեր հայացքը պահելով ամենակարևորի՝ Քրիստոսի վերադարձի և Նրա Արքայության գալստյան վրա (Փիլ. 3․20)։ Տիրոջ գալուստը կուղղի այս աշխարհի բոլոր թերությունները և կվերափոխի մեզ՝ հավատացյալներիս։ Մենք կերպարնակից կլինենք Նրան (հ. 21)։
Ժամանակավոր, երկրային բարիքներ հետապնդելու փոխարեն, մենք պետք է անհամբեր սպասենք Փրկչի գալուստին (հ․ 20): Այդ օրը մենք կտեսնենք Նրան դեմ առ դեմ, և բոլոր տառապանքները կավարտվեն։
Այն գիտակցումը, որ մեր ցանկություններն ու սպասումները մի օր իրականություն են դառնալու, մեզ ուժ է տալիս այսօր ապրել Տիրոջ համար (հ. 12-14)։
Ի դեպ, վերջերս իմ տան մոտ բացվեց վաֆլիի խանութ՝ մի փոքր հիշեցում այն մասին, որ մի օր իմ շատ ավելի կարևոր սպասումը կկատարվի: Մինչ այդ, եկե՛ք համբերատար լինենք:
Ի՞նչ կուզենայինք, որ Հիսուսն ուղղի, երբ գա երկրորդ անգամ։ Ի՞նչին ենք ամենաշատը սպասում Նրա հետ մեր ապագայում։
Աղոթք – Տե՛ր, մինչ սպասում եմ Քո վերադարձին, լցրո՛ւ սիրտս հույսով։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 28-29, Փիլիպպեցիներին 3