.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու պատվիրակությունը մասնակցել է ՀՀ երկրորդ Աղոթքի նախաճաշին

Հոկտեմբերի 2-3-ը Երևանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության երկրորդ Աղոթքի նախաճաշը՝ համախմբելով Հայաստանից և արտերկրից պետական, դիվանագիտական, գործարար, հասարակական և հոգևոր շրջանակների ներկայացուցիչների։ Երկօրյա նախաձեռնությունը նվիրված էր աղոթքին, հավատքին, առաջնորդությանը, կրոնական ազատությանը, խաղաղությանը և Հայաստանի ապագային՝ միաժամանակ ստեղծելով տարբեր համայնքների ու հասարակական շրջանակների միջև երկխոսության և համագործակցության հարթակ։

Աղոթքի նախաճաշին մասնակցեց նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու պատվիրակությունը՝ ՀԱԵ ավագ հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը, ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Վարդան Ափինյանը և Հոգևոր Խորհրդի ատենադպիր պատ. Խաչիկ Նազարյանը։

Համաժողովի երկրորդ օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչների ելույթների ու աղոթքների շարքում, սուրբգրային կարճ պատգամով և աղոթքով հանդես եկավ նաև ՀԱԵ ավագ հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը։ Նա իր պատգամում անդրադարձավ Քրիստոսի Լեռան քարոզի՝ խաղաղարար լինելու կոչմանը՝ ընդգծելով, որ խաղաղություն արարելը քրիստոնյայի առաքելությունն է։ Հարցադրելով, թե ինչպե՞ս է մարդն իրականում «խաղաղություն արարում», նա խոսքեց խաղաղության աղբյուրի՝ Աստծո սերո մասին։ Վերապատվելին հիշեցրեց Ա Հովհաննես 4.8-ը՝ «Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է»։

Այդ սիրո կարևորագույն դրսևորումներից մեկը, նրա խոսքով, ներելու կարողությունն է։ Հիշեցնելով նաև Տերունական աղոթքի պատգամը՝ վեր. Ավետիք Խաչատրյանը նշեց, որ Աստծուց ներում ստացած մարդն ինքն էլ կոչված է ներելու։ Իսկ ներումը, ըստ նրա, չի նշանակում անտեսել սխալը կամ հրաժարվել արդարությունից, այլ՝ չապրել թշնամությամբ և ձգտել վերականգնել խաթարված հարաբերությունները։ «Ներել՝ սիրելով, սիրել՝ ներելով»,- այս կերպ նա խաղաղարարությունը կապեց սիրո և ներման հետ՝ ընդգծելով, որ հենց այստեղից է սկսվում իրական խաղաղությունը՝ ընտանիքում, հասարակության մեջ և ժողովուրդների միջև։

Խոսքի ավարտին վեր. Ավետիք Խաչատրյանը մասնակիցներին հրավիրեց աղոթելու խաղաղարար լինելու առաքելության համար՝ որպես ժողովուրդ և պետություն սովորելով ներել, սիրել և վերականգնել։ Աղոթքում նա Աստծուն շնորհակալություն հայտնեց Նրա սիրո և ներման համար՝ խնդրելով, որ մարդկանց տրվի ոչ միայն խաղաղության մասին խոսելու, այլև այն իրականում արարելու կարողություն՝ սրտից ու մտքից բխող խաղաղությամբ։

Հայ ավետարանական մասնակցությունը համաժողովին ընդգծվեց նաև Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ վեր. դոկտ. Հարություն Սելիմյանի ներկայությամբ՝  որպես խոսնակ։ Պանելային քննարկման ընթացքում նա ներկայացրեց Սիրիայում քրիստոնեական համայնքների ներկա վիճակն ու ապագայի մարտահրավերները։ Նրա խոսքով՝ Սիրիայի քրիստոնեությունը դարավոր ու երկրի պատմության մեջ խորապես արմատավորված ներկայություն է, սակայն այսօր համայնքները բախվում են անվտանգության, տնտեսական դժվարությունների, տեղահանության, թույլ հաստատությունների և շարունակվող արտագաղթի հետևանքներին։

Վեր. դոկտ. Սելիմյանի համոզմամբ՝ Սիրիայի քրիստոնյաների ապագան չի կարող առանձնացվել ամբողջ երկրի ապագայից։ Քրիստոնեական կայուն ներկայության համար անհրաժեշտ են անվտանգություն, տնտեսական հնարավորություններ, գործուն պետական ու հասարակական հաստատություններ, կրոնական ազատություն և երկրի հանրային կյանքին լիարժեք մասնակցության հնարավորություն։ Նա կարևորեց նաև օրենքի գերակայությունն ու քաղաքացիների հավասար իրավունքներն ու պատասխանատվությունը՝ անկախ նրանց կրոնական, էթնիկական կամ համայնքային պատկանելությունից։

ՀՀ երկրորդ Աղոթքի նախաճաշի երկու օրերին էլ ելույթներով հանդես եկավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջին օրվա պաշտոնական ընթրիքի ժամանակ, խոսելով խաղաղության մասին, նա անդրադարձավ Ավետարանի «Վե՛ր կաց և քայլի՛ր» պատգամին՝ շեշտելով, որ խաղաղության համար աղոթքին պետք է հաջորդեն նաև մարդու պատասխանատվությունն ու գործնական քայլերը։ «Եթե աղաչում ես խաղաղության համար, ուրեմն հավատում ես, եթե հավատք ունես, ուրեմն վե՛ր կաց և քայլի՛ր»,- ասաց վարչապետը։

Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հավատքի, ազգային ինքնության, քրիստոնեական արժեքների և պետականության փոխկապակցվածությանը՝ ընդգծելով նաև, որ հոգևոր կյանքը չպետք է սահմանափակվի միայն եկեղեցու ներսով, այլ պետք է արտահայտվի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Նա Աղոթքի նախաճաշի ձևաչափը կարևորեց նաև որպես մի տարածք, որտեղ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ կարող են համախմբվել հավատքի և հոգևոր արժեքների շուրջ։

 

Նախորդ
...
X