Սաղմոսներ 139․8-12 Շաբաթ | Հոկտեմբեր 10
Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։ Սաղմ․ 138․8
ԴՈՒ ԱՅՆՏԵՂ ԵՍ
2023 թվականին Ջոն անունով վաթսունամյա մի քրիստոնյա գնացել էր արշավի Սքայ կղզու հեռավոր լեռներում։ Բարդ հատվածներից մեկn անցնելիս նա սայթաքեց քարի վրա, ընկավ և կոտրեց ազդրը։ Բջջային կապ չկար։ Հաղթահարելով ցավը՝ նա դանդաղ սողում էր՝ փորձելով հասնել ավելի բարձրադիր մի վայրի՝ հույս ունենալով, որ իրեն կնկատեն և կփրկեն։
Զարմանալի է, բայց Ջոնի սրտում անսովոր խաղաղություն էր տիրում։ Նա ցանկանում էր ողջ մնալ հանուն իր դստեր, սակայն, միևնույն ժամանակ, հստակ գիտակցում էր Աստծո ներկայությունը և պատրաստ էր դիմավորելու մահը։ Այնտեղ՝ լեռներում, նա դիմացավ դաժան ձմեռային փոթորկին, երկու գիշեր անցկացրեց սառնամանիքի պայմաններում, և ի վերջո, փրկվեց։
Դավիթը նույնպես գիտակցում էր Աստծո ներկայության զորությունը։ «Ո՞ւր գնամ քո Հոգուց․․․», - հարցնում էր նա (Սաղմ. 139․7)։ Այնուհետև, նկարագրելով արարչագործության ամենահեռավոր սահմանները՝ երկնքից մինչև դժոխք՝ ուղղահայաց, և արևածագից մինչև ծովի ծայրը՝ հորիզոնական, Դավիթը հռչակում է՝ «դու այնտեղ ես » (հ. 8-10)։
Աստված խոստացել է, որ մեզ հետ է լինելու։ Ավելին՝ Նա Իր Հոգով բնակվում է մեր մեջ։ Նույնիսկ գիշերվա խավարը չի կարող մեզ թաքցնել Աստծուց (հ. 11-12), իսկ մահը՝ ամենամեծ խավարը, ի վերջո մեզ ավելի կմոտեցնի Նրան։ Ամեն ժամանակ և ամեն վայրում Տերը մեզ հետ է։
Ո՞ր իրավիճակներում ենք հատկապես զգում Աստծո ներկայության կարիքը։ Ի՞նչն է օգնում մեզ գիտակցել, որ Աստված մեր կողքին է։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ Դու ամենուր ես։ Մխիթարի՛ր ինձ Քո ներկայության գիտակցությամբ և այն վստահությամբ, որ Դու ինձ հետ ես։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 34-36, Կողոսացիներին 2