.
2026թ., Հոկտեմբերի 16

Գաղատացիներին 2․19-21                                                              Ուրբաթ   |   Հոկտեմբեր 16

 

․․․ Ես Քրիստոսի հետ խաչվեցի։ Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ․․․ Գաղ․ 2․19-20  

 

ՔՐԻՍՏՈՍԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Բանտախցում փակված՝ Կարան խորապես հուսահատված ու կոտրված էր։ Դստեր սպանությունը խոր վերք էր թողել նրա սրտում, իսկ կուտակված դառնությունն ու ատելությունը նրան հասցրել էին ալկոհոլի և թմրանյութերի հանդեպ կախվածության։ Սակայն բանտում մի քանի ամիս անցկացնելուց հետո Կարան լսեց Հիսուս Քրիստոսի մասին։ Նա իր կյանքը վստահեց Նրան, և այդ պահից սկսվեց նրա վերափոխման ու կախվածությունից ազատվելու ճանապարհը։

Իսկ հետո զարմանալի բան տեղի ունեցավ. Կարան ներեց աղջկան սպանած տղամարդուն։ «Դա ամենադժվար բանն էր, որ երբևէ արել եմ, - խոստովանում է նա,- Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ դա ինձնից չէր: Դա Քրիստոսն էր: Ես գիտեի, որ պետք է հնազանդվեմ Նրան»:

Պողոսը նույնպես նմանատիպ մի բան է նկարագրում. «․․․ես Քրիստոսի հետ խաչվեցի։ Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ» (Գաղ. 2․19-20)։ Նա հորդորում է ընթերցողներին հնազանդվել Տիրոջը և նոր կյանքով ապրել։ Գաղատացիները փորձում էին ապրել Մովսեսի օրենքի համաձայն և չէին հասկանում, թե Սուրբ Հոգին ինչպիսի վերափոխում է բերում հավատացյալի կյանքում։ Ես «ապրում եմ Աստծու Որդու հավատով», - գրում է Պողոսը նրանց (հ. 20)։

Կարան չէր կարողանա միայն իր կամքի ուժով ներել դստերը սպանած մարդուն։ Դա հնարավոր դարձավ, որովհետև նա ճանաչեց Հիսուս Քրիստոսի սերը, շնորհն ու ներումը, որոնք ներսից վերափոխեցին նրան։ Մենք նույնպես կարող ենք հնազանդվել Քրիստոսի կամքին, որը գործում է մեր մեջ։ Նրա զորությունը մեր միջոցով կատարում է այն, ինչ մենք երբեք ինքներս չէինք կարող անել։

 

Ինչպե՞ս կփոխվի մեր կյանքը, եթե ապավինենք ոչ թե մեր կարողություններին ու ջանքերին, այլ թույլ տանք, որ մեր մեջ գործող Քրիստոսի զորությունն առաջնորդի մեզ։     

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ բնակվում ես իմ մեջ։ Քո սիրով վերափոխի՛ր իմ մտքերն ու սիրտը։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 47-49, Ա Թեսաղոնիկեցիներին 4