.
Հայ ավետարանական ժառանգությունը՝ միջազգային գիտաժողովի շրջանակներում

Հոկտեմբերի 7-ին Լիբանանի Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ «Վկայության և վերակառուցման ցանցեր․ միսիոներներն ու հայ ավետարանական համայնքը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը համատեղ կազմակերպել էին Պոտսդամի «Լեփսիուսի տունը» և Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնը։

Գիտաժողովը համախմբել էր տարբեր երկրների գիտնականների ու հետազոտողների, որոնց թվում էին Հայկազյան համալսարանի նախագահ վեր. դոկտոր Փոլ Հայդոսթյանը, Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Անդրանիկ Դաքեսյանը, Պոտսդամի «Լեփսիուսի տան» տնօրեն դոկտոր Ռոյ Նոքը, Բեռնի համալսարանի պատմաբան դոկտոր Հիլմար Կայզերը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Միհրան Մինասյանը և այլք։

Գիտաժողովի առաջին զեկուցմամբ հանդես եկավ Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, Հայկազյան համալսարանի նախագահ վեր. դոկտոր Փոլ Հայդոսթյանը՝ ներկայացնելով «Միսիոներները հայերի շրջանում․ հանդիպումներ, հաստատություններ, պատկերներ և ընտանեկան ժառանգություն» թեման։ Հիմնվելով նաև իր ընտանիքի պատմության վրա՝ նա անդրադարձավ հայերի շրջանում միսիոներական, կրթական և մարդասիրական գործունեության փոխառնչություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը հայ ավետարանական կյանքի զարգացման, ինչպես նաև Հայկազյան համալսարանի և Մերձավոր Արևելքի աստվածաբանական դպրոցի ձևավորման գործում։

Գիտաժողովին մասնակցում էր նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) երկու ներկայացուցիչ՝ ՀԱԵ Իջևանի եկեղեցու ծառայող, թեկնածուական հետազոտություն իրականացնող Հայկ Էդիլյանը և ՀԱԵ կրթական ծրագրերի համակարգող Շուշան Ենգիբարյանը։

Շուշան Ենգիբարյանը Հայկազյան համալսարանի դասախոս վեր. Վիլբերտ վան Սաանի հետ ներկայացրեց «Միսիոներական կայանը՝ որպես մեկնարկի հենակետ և փրկօղակ․ արտաքին առաքելությունների ամերիկյան հանձնակատարների խորհուրդը և Հայ ավետարանական եկեղեցին Վանում, 1870-1915 թթ.» թեմայով զեկույցը։ Ուսումնասիրության առանցքում Վանի միսիոներական կայանի գործունեությունն էր, որը կարևոր դեր է ունեցել ոչ միայն հոգևոր կյանքի զարգացման, այլև կրթության, առողջապահության, զբաղվածության և բնակչության պաշտպանության գործում։

Հայկ Էդիլյանը հանդես եկավ «Շուշիում Բազելի միսիոներների գործունեության նախապատրաստական շրջանը» զեկուցմամբ։ Նա ներկայացրեց 1820-1824 թվականներին Բազելի ավետարանական միսիոներների իրականացրած աշխատանքները՝ անդրադառնալով այն քայլերին, որոնք հիմք դրեցին Շուշիում և հարակից շրջաններում հետագա միսիոներական գործունեությանը։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան նաև Քրիստոսի Միացյալ եկեղեցու Համաշխարհային ծառայությունների ներկայացուցիչ դոկտոր Փիթեր Մաքարին, Պոտսդամի «Լեփսիուսի տան» գիտաշխատող դոկտոր Հայկ Մարտիրոսյանը և Մինեսոտայի Սուրբ Բենեդիկտոսի քոլեջի և Սուրբ Հովհաննեսի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Ջոն Արմաջանին։ Գիտաժողովի մյուս մասնակիցների հետ նրանք անդրադարձան հայերի շրջանում ամերիկյան և եվրոպական միսիոներների կրթական ու հոգևոր գործունեությանը, Հայոց ցեղասպանության տարիներին որբերի փրկության և խնամքի նախաձեռնություններին, միջազգային ավետարանական մարդասիրական ցանցերի ձևավորմանն ու հայ գաղթականներին ցուցաբերված աջակցությանը։

Գիտաժողովի ընթացքում ներկայացված ուսումնասիրությունները ևս մեկ անգամ լուսաբանեցին հայ ավետարանական համայնքների պատմական դերը՝ ցույց տալով, թե ինչպես են հոգևոր ծառայությունը, կրթությունը և մարդասիրական գործունեությունը փոխկապակցված եղել հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում։

Նախորդ
...
X