Եզեկիել 26. 1-6, 17-18 Երկուշաբթի | Հոկտեմբեր 19
Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով․․․ ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ։ Եբր․ 12․28
ԴԱՍ՝ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ
«Զգուշացե՛ք օձերից, միջատներից, յագուարներից և մնացած ամեն ինչից»,- ասաց հնագետ Իվան Շպրայցն արշավախմբի մասնակիցներին՝ մեկնելուց առաջ։ Շղթայական սղոցներով ու մաչետեներով զինված՝ նրա թիմը սկսեց ճանապարհ բացել խիտ ջունգլիների միջով՝ հույս ունենալով հասնել կորած Օկոմտուն քաղաքին։ Յուկատան թերակղզում գտնվող այս հնագույն մայրաքաղաքն անհետացել էր երբեմնի ծաղկուն մայաների քաղաքակրթության հետ միասին։ Թե ինչու՝ ոչ ոք չգիտի։
«Պատմությունն ուսումնասիրելը մեծ մասամբ ավերակներն ուսումնասիրել է նշանակում, - ասում է գրող Ջորջ Ուիլը,- մարդիկ ի վիճակի չեն ստեղծելու որևէ բան, որն իսկապես կդիմանա ժամանակի փորձությանը»։
Աստվածաշնչում մարգարեություն կա երբեմնի ծաղկուն Տյուրոս քաղաքի մասին։ Եզեկիել մարգարեի միջոցով Աստված ասաց. «Եվ նրանք պիտի քանդեն Տյուրոսի պարիսպները և կործանեն նրա աշտարակները, և ես նրանից պիտի քերեմ նրա հողը… Նա ծովի մեջ ուռկան փռելու վայր պիտի դառնա» (Եզեկ. 26․4-5)։ Տյուրոսը ծովի վրա «զորավոր» էր և սարսափ էր ներշնչում բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան (հ. 17)։ Նրա բնակիչներն ուրախացել էին Երուսաղեմի անկման համար (հ. 2), և Աստված ի պատասխան հայտարարեց Տյուրոսի մոտալուտ կործանման մասին։ «Զորությունների Տերն արեց այս խորհուրդը, որպեսզի խայտառակի ամեն փառքի ամբարտավանություն» (Ես. 23.9)։ Տյուրոսը կործանվեց իր հպարտության պատճառով։
Նոր բան ստեղծելու կարողությունը մեր մեջ Աստծո պատկերն ու նմանությունն արտացոլող հատկանիշներից է։ Սակայն զգո՛ւյշ լինենք հպարտության մահացու ծուղակից։ Ինչ էլ որ անենք, թող դա լինի հավիտենական Աստծո փառքի համար և Նրա զորությամբ։ Նա մեզ խոստանում է «անշարժ թագավորություն» (Եբր. 12:28)։
Ո՞ր քաղաքով կամ քաղաքակրթությամբ ենք այսօր մենք հիացած։ Ի՞նչ ենք զգում, երբ գիտակցում ենք, որ մի օր դրանք այլևս չեն լինի։
Աղոթք – Տե՛ր իմ, օգնի՛ր ծառայել Քեզ՝ հիշելով, որ Քո անսասան Թագավորության քաղաքացի եմ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 56-58, Բ Թեսաղոնիկեցիներին 2