Հոբ 1․13-22 Չորեքշաբթի | Հոկտեմբեր 21
…Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի: Հոբ 1․21
ՇՆՈՐՀ ՎՇՏԻ ՄԵՋ
Ամբողջ աշխարհը սարսափով հետևում էր, թե ինչպես գետի վրայով թռչող զբոսաշրջային ուղղաթիռn օդում մասերի բաժանվեց։ Պտուտակն ու պոչային հատվածը պոկվեցին, իսկ օդաչուի և հինգ հոգուց բաղկացած ընտանիքի հետ խցիկն ընկավ ջուրը։ Մի քանի օր անց աղետի վայր ժամանեց զոհվածների հարազատներից մեկը։ Մի ակնթարթում նա կորցրել էր քրոջը, քրոջ ամուսնուն և երեք զարմիկներին։ «Նրանք բոլորը միասին հեռացան այս կյանքից»,- ասաց նա։
Կյանքը կարող է փոխվել մի ակնթարթում։ Ծանր ցնցումներն ու անդառնալի կորուստները կարող են բաժին հասնել յուրաքանչյուրին։
Հոբը նույնպես անասելի վիշտ ապրեց։ Մեկը մյուսի հետևից նրան ողբերգական լուրեր էին հասնում։ Սկզբում նա իմացավ, որ իր ծառաներին սպանել են, իսկ անասունները` հափշտակել (Հոբ 1․13-17)։ Բայց դրանով ամեն ինչ չավարտվեց։ Երբ նրա յոթ որդիներն ու երեք դուստրերը միասին խնջույք էին անում, հողմը փլուզեց տունը, և նրանք բոլորը զոհվեցին (հ. 18-19)։ «Հոբը վեր կացավ, իր վերնազգեստը պատառոտեց, գլուխը խուզեց, գետին ընկավ ու երկրպագություն արեց» (հ. 20)։ Թեև նա խորապես վշտացած էր, այնուամենայնիվ, ասաց․ «Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի» (հ. 21)։
Հոբը չգիտեր, թե ինչու էր ստիպված տառապել, սակայն նույնիսկ ամենամռայլ պահին նա երկրպագում էր Աստծուն։ Երբ Տերը խոսեց նրա հետ, հիշեցրեց Իր իմաստության և զորության մասին, և այդ ժամանակ Հոբը կարողացավ վստահել Նրա գերիշխան կամքին ու ծրագրին (գլուխ. 38-42)։
Գուցե չհասկանանք, թե ինչու են ողբերգություններ պատահում, բայց մեր ցավը հանձնենք Աստծուն՝ Նրան, Ով մխիթարում է վշտացածներին։
Ինչպե՞ս է Աստված մխիթարել մեզ դժվարին ժամանակներում։
Ինչպե՞ս կարող եՆք մեր վիշտը վստահել Նրան։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ապավինել Քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ տառապանքի մեջ եմ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 62-64, Ա Տիմոթեոսին 1