.
ՀԱԵ պատվիրակությունը մասնակցեց ԱՄՆ-ում կայացած ՀԱՀԽ-ի տարեկան ժողովին ու AMAA-ի համաժողովին

Հոկտեմբերի 15-18-ն ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Փարամուս քաղաքում կայացած Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի (ՀԱՀԽ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) տարեկան ժողովներին մասնակցեց նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) պատվիրակությունը՝ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանի և Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Վարդան Ափինյանի կազմով։

Հոկտեմբերի 16-ին գումարվեց Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի (ՀԱՀԽ) տարեկան ժողովը։ ՀԱՀԽ-ն միավորում է Հայաստանի, Եվրասիայի, Ֆրանսիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական հինգ միությունները, ինչպես նաև երկու գործընկեր կազմակերպություն՝ AMAA-ը և Սթիվեն Փիլիպոսյան հիմնադրամը։ Ժողովի ընթացքում վեր. Ավետիք Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանում ՀԱԵ հիմնադրման 180-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։

Ժողովի ընթացքում քննարկվեցին աշխարհասփյուռ հայ ավետարանական համայնքների մարտահրավերները, քրիստոնեական հավատքի և ազգային ինքնության պահպանումն ու եկեղեցիների համագործակցության ամրապնդումը։ Որոշվեց շարունակել պատմական փաստաթղթերի թվայնացման ծրագիրը, իսկ Հայ Ավետարանական համաշխարհային հովիվների հաջորդ համաժողովն անցկացնել 2027 թվականի սեպտեմբերի 27-30-ը՝ Հայաստանում՝ Հանքավանի «Շողիկ» ճամբարում։ Մեկ տարով երկարաձգվեց նաև ՀԱՀԽ նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայդոսթյանի պաշտոնավարման ժամկետը։

Հոկտեմբերի 17-ին կայացած AMAA-ի 107-րդ տարեկան համաժողովի ընթացքում վեր. Ավետիք Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանում ՀԱԵ գործունեության, մարտահրավերների և զարգացման ռազմավարության վերաբերյալ համապարփակ հաշվետվություն՝ ամփոփելով Հայաստանի 22 տեղական եկեղեցում իրականացվող ծառայությունները, ձեռքբերումներն ու առաջիկա առաջնահերթությունները։

Համաժողովի ընթացքում տարբեր երկրների Հայ Ավետարանական միությունների ներկայացուցիչները ևս ներկայացրին իրենց գործունեության հաշվետվությունները՝ անդրադառնալով համայնքների կենսունակության պահպանմանը, նոր սերնդի հոգևոր դաստիարակությանը և համաշխարհային հայ ավետարանական ընտանիքի համագործակցության ամրապնդմանը։

Նախորդ
...
X