Ա Կորնթացիներին 15. 51-58 Շաբաթ | Հոկտեմբեր 24
․․․Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք․․․ Ա Կոր․ 15․58
ԼՈՒՌ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
Մի մեծ համալսարանում մի նկարիչ նկարեց տասը դիմանկար՝ պատկերելով այն մարդկանց, ում աշխատանքից կախված է համալսարանի առօրյա գործունեությունը՝ տեխնիկական անձնակազմի, խոհանոցի աշխատակիցների, այգեպանների և անվտանգության աշխատակիցների։ Նա ցանկանում էր ընդգծել նրանց աշխատանքի կարևորությունը, որը հաճախ մնում է աննկատ։ Եվ նրան դա հաջողվեց։ Համալսարանի ղեկավարներից մեկը նշեց, որ այդ դիմանկարները նույնիսկ օգնեցին բուժել կոլեկտիվում վաղուց կուտակված որոշ վիրավորանքներ։
Այդպիսին է նաև Աստծո վերաբերմունքը։ Պողոս առաքյալը հորդորում էր Կորնթոսի հավատացյալներին․ «Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք» (Ա Կորնթ. 15․58)։ Քրիստոսի հաղթանակի, Նրա մահվան և հարության շնորհիվ (հ. 57) Նրա համար արված ոչ մի գործ ապարդյուն չի լինի։ Կորնթացիներից ոմանք վհատվում էին, քանի որ իրենց ծառայության պտուղներն արագ չէին երևում։ Պողոսը նրանց ուշադրությունը հրավիրում էր երկնային հեռանկարի վրա, որն ամրացնում է հավատը և մղում ամեն առիթ օգտագործել բարին գործելու համար։ Մի օր նրանք կկրեն «երկնայինի պատկերը» (հ. 49), որովհետև Քրիստոսի համար կատարած նրանց աշխատանքը, նույնիսկ ամենահամեստը, մեծ արժեք ունի։
Եթե մեր ծառայությունը մեզ փոքր կամ աննկատ թվա, հիշե՛նք՝ Աստված տեսնում է մեզ և զորացնում Իր համար կատարած մեր աշխատանքում։ Լուռ հավատարմությունը գուցե երբեք չհայտնվի նորությունների վերնագրերում, բայց Աստծո համար այն միշտ արժեքավոր է։
Ի՞նչ զգացումներ է արթնացնում մեր մեջ Պողոսի այն խոսքը, որ Աստծո համար մեր կատարած աշխատանքն ապարդյուն չէ։ Ինչպե՞ս կարող ենք լիովին նվիրվել Նրա ծառայությանը։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ամբողջ սրտով ծառայել Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 3-5, Ա Տիմոթեոսին 4