.
2026թ., Հոկտեմբերի 25

Երգ Երգոց 1․4-7                                                                               Կիրակի   |   Հոկտեմբեր 25

 

…ինչո՞ւ քողածածկված կնոջ պես լինեմ նրան։ Երգ Երգոց 1․7  

 

ՃԱՂԱՏ, ԲԱՅՑ ԳԵՂԵՑԻԿ

 

Ժասմին Միտչելը հաղթող ճանաչվեց հրուշակագործների մրցույթում՝ արժանանալով ռեկորդային հինգ մրցանակի՝ 1․2 մետր երկարությամբ հյուսքի տեսքով պատրաստած տորթի համար։ Այդ տորթը նա թխել էր՝ ի աջակցություն ալոպեցիայով տառապող մարդկանց։ Ալոպեցիան հիվանդություն է, որն առաջացնում է մազաթափություն։ Ժասմինն ինքն էլ տառապում էր այս հիվանդությամբ, սակայն չէր հուսահատվում։ Նրան հեշտ էր ճանաչել անմազ գլխով ու լայն ժպիտով։ Նա պատմում էր, որ հրաժարվել էր կեղծամներ կրելուց և ցանկանում էր իրեն տեսնել այնպիսին, ինչպիսին Աստված է տեսնում իրեն։ Նախկինում Ժասմինն աղոթում էր, որ իր մազերը կրկին աճեն, իսկ այժմ ասում էր. «Աստված ինձ այլ կերպ բժշկեց։ Նա օգնեց ինձ ներքուստ ամբողջական դառնալ և ընդունել ինքս ինձ այնպիսին, ինչպիսին կամ»։

«Երգ երգոց» գրքի հերոսուհին նույնպես մտահոգվում էր իր արտաքին տեսքով։ «Մի՛ նայեք, որ սևացած եմ. արևն է ինձ խանձել»,- ասում է նա (Երգ Երգոց 1.6)։ Նրան ստիպել և «այգիներին պահապանուհի էին նշանակել» (հ. 6), իսկ հին ժամանակներում արևից սևացած մաշկը համարվում էր հասարակական ցածր դիրքի նշան։ Սակայն, չնայած դրան, նրա սիրեցյալը հիանում էր նրա գեղեցկությամբ։ «Ահա գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրուհի, ահա գեղեցիկ ես. աչքերդ՝ աղավնիներ», - ասում է նա (հ. 15)։ Ուստի աղջիկը կարողանում է վստահությամբ ասել. «Սև եմ ես, բայց գեղեցիկ» (հ. 5)։

Մենք ցանկանում ենք նման լինել մյուսներին, ուստի ցավ ենք ապրում, երբ զգում ենք, որ ինչ-որ բանով տարբերվում ենք նրանցից։ Սակայն Աստված ընդունում է մեզ այնպիսին, ինչպիսին կանք, սիրում է մեզ և տեսնում մեր իսկական գեղեցկությունը։ «Երգ երգոց» գրքի հարսնացուն կարիք չուներ թաքնվելու իր սիրեցյալից (հ. 7)։ Նույնպես և մենք կարիք չունենք թաքնվելու ո՛չ Աստծուց, ո՛չ էլ մարդկանցից։ Մենք անկրկնելի ենք և թանկ Աստծո աչքում, նույնիսկ եթե չենք համապատասխանում հասարակության սպասումներին։

 

Ի՞նչն է մեզ համար ամենադժվարը մեր մեջ ընդունելը։ Ինչպե՞ս կարող է Աստծո սիրո գիտակցումը փոխել մեր վերաբերմունքը սեփական անձի հանդեպ։   

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ ինձ «ահավոր և զարմանալի կերպով» ստեղծեցիր (Սաղմ. 139․14) և սիրում ես ինձ։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 6-8, Ա Տիմոթեոսին 5