.
2026թ., Հոկտեմբերի 26

Եսայի 43. 1-7                                                                             Երկուշաբթի   |   Հոկտեմբեր 26

 

․․․ ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։ Ես․ 43․1

 

ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ԱՆՈՒՆՈՎ ԳԻՏԻ

 

Անսովոր գովազդն ընթերցողներին հնարավորություն էր տալիս իրենց անունը տեսնել գրքում։ Բավական էր հաղթել աճուրդում, և հայտնի գրողի նոր վեպի հերոսներից մեկը կկոչվեր հաղթողի անունով։ Հավաքված գումարը տրամադրվում էր բարեգործությանը, իսկ վեպն այդպիսով լրացուցիչ ճանաչում էր ձեռք բերում։ 

Անկասկած, շատերին կհրապուրի իրենց անունը գրքի էջերում տեսնելու գաղափարը։ Դա յուրօրինակ հնարավորություն է՝ զգալու, որ իրենք ճանաչված ու կարևոր են։ Սակայն Աստվածաշունչը մեզ շատ ավելի զարմանալի ճշմարտություն է հայտնում. երկնքի ու երկրի Արարիչը գիտեր մեր անունները դեռևս մեր ծնվելուց շատ առաջ։

Եսայի մարգարեի միջոցով դիմելով Իսրայելի ժողովրդին՝ Աստված ասում էր. «կանչել եմ քեզ քո անունով» (Ես. 43․1)։ Մարգարեն ժողովրդին հիշեցնում էր այն ուխտի մասին, որն Աստված դեռևս Աբրահամի հետ էր կնքել (Ծն. 12․1-3)։ Եվ թեև իսրայելացիներին երբեմն կարող էր թվալ, թե Աստված լքել է իրենց, Եսային հավաստիացնում էր, որ Տերը գիտի նրանց կարիքները և միշտ նրանց կողքին կլինի (Ես. 43․2-5)։ 

Մենք՝ Քրիստոսին հավատացողներս, նույնպես ճանաչված ենք Աստծո կողմից։ Հովհաննեսի Ավետարանում ասվում է. «Նա իր ոչխարներին կանչում է անուն առ անուն» (Հովհ. 10․3)։ Եթե ձգտում ենք հետևել Քրիստոսին և ապրել Նրա Խոսքի համաձայն, կարող ենք վստահ լինել, որ Աստված տեսնում է մեզ, ճանաչում է յուրաքանչյուրիս անունով և սիրում հավիտենական սիրով։

 

Ինչպե՞ս կարող ենք ուրիշների հետ կիսվել այն բարի լուրով, որ Աստված ճանաչում է մեզնից յուրաքանչյուրին անունով։  

 

Աղոթք – Ամենակարո՛ղ Աստված, շնորհակալ եմ, որ Դու տեսնում և ճանաչում ես ինձ։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 9-11, Ա Տիմոթեոսին 6