.
2026թ., Հոկտեմբերի 27

Բ Տիմոթեոսին 1. 1-3, 6-10                                                        Երեքշաբթի   |   Հոկտեմբեր 27

 

որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի։ Բ Տիմ․ 1․9   

 

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԼԻ ԿՅԱՆՔ

 

Նացիստական վարչակարգին դիմադրելու համար ձերբակալվելուց հինգ ամիս անց՝ 1943 թվականի սեպտեմբերի 13-ին, Դիտրիխ Բոնհյոֆերը նամակ գրեց իր ծնողներին։ Նա խնդրում էր իրեն գրքեր ու թուղթ ուղարկել և շնորհակալություն էր հայտնում այն ամենի համար, ինչ նրանք արել էին իր համար։ Այնուհետև ավելացնում էր. «Տարօրինակ զգացողություն է լիովին կախված լինել ուրիշներից։ Բայց դա առնվազն երախտագիտություն է սովորեցնում։ Առօրյա կյանքում մենք հազվադեպ ենք գիտակցում, որ շատ ավելին ենք ստանում, քան տալիս ենք։ Եվ միայն երախտագիտությունն է կյանքն իսկապես հարուստ դարձնում»։

Իր վերջին նամակում Պողոս առաքյալը, ով բանտարկված էր «չարագործի պես» (Բ Տիմ. 2․9), նույնպես խորին երախտագիտություն էր հայտնում նրանց, ովքեր սիրում ու աջակցում էին իրեն (Բ Տիմ. 1․3-4, 16)։ Նա նաև խնդրում էր Տիմոթեոսին իր հետ բերել «գրքերը, մանավանդ մագաղաթները» (Բ Տիմ. 4․13)։

Սակայն, ամենակարևորը, Պողոսն իր հայացքն ուղղում էր դեպի վեր՝ բոլոր պարգևներից մեծագույնը տեսնելու համար։ Նա գրում էր. «[Աստված] փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի» (Բ Տիմ. 1․9)։ Քրիստոսի միջոցով հայտնված շնորհը, որով Նա «մահը կործանեց և կյանքն ու անմահությունը լուսավորեց Ավետարանի միջոցով» (հ. 10), Պողոսին խաղաղություն և զորություն էր տալիս բոլոր փորձությունների մեջ։

Դիտրիխ Բոնհյոֆերն այդպես էլ չազատվեց նացիստական բանտից, նրան մահապատժի ենթարկեցին 1945 թվականի ապրիլի 9-ին։ Ենթադրվում է, որ Պողոս առաքյալն էլ մահապատժի է ենթարկվել Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակը գրելուց կարճ ժամանակ անց։ Այնուամենայնիվ, երկուսն էլ վկայում էին Աստծո բարության մասին, Ով միշտ անհամեմատ ավելին է տալիս, քան մենք կարող ենք Նրան հատուցել։

 

Ինչպե՞ս են ուրիշները հոգ տարել մեր մասին։ Ի՞նչ ազդեցություն է ունենում երախտագիտությունը մեր ներքին վիճակի վրա։  

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ Քեզ այնպիսին լինելու համար, ինչպիսին Դու կաս, և այն ամենի համար, ինչ անում ես ինձ համար։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 12-14, Բ Տիմոթեոսին 1