.
2026թ., Հոկտեմբերի 28

Սաղմոսներ 86. 1-12                                                                 Չորեքշաբթի   |   Հոկտեմբեր 28

 

Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։ Սաղմ․86․5    

 

ՄԵՐ ԱՍՏՎԱԾԸ

 

Վեցամյա Տիանան կանգնած էր՝ գլուխը կախ, և ներքևից նայում էր եկեղեցում հավաքված մարդկանց։ Նրա դասընկերները ողջունում և ձեռքով էին անում հյուրերին, ովքեր տեղավորվում էին, մինչ համերգը կմեկնարկեր։ Ծնողներն ու հարազատները ժպտում էին և ձեռքով պատասխանում նրանց ողջույնին։ Իսկ Տիանային ոչ ոք չէր ողջունում։ Ուսուցչուհին աղջկան հրավիրեց՝ միանալու երգչախմբին, բայց նա տեղից չէր շարժվում։ Հանկարծ դահլիճ վազելով ներս մտավ նրա հայրիկը, ուրախությամբ ձեռքով արեց դստերը և նստեց իր տեղը։ Փոքրիկն արցունքների միջից ժպտաց ու բարձրացավ բեմ։

Մեզնից յուրաքանչյուրի ներսում, անկախ տարիքից, ապրում է մի երեխա, ով փափագում է, որ իրեն նկատեն, լսեն և, ամենակարևորը՝ սիրեն։ 

Սաղմոսում Դավիթը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված սիրով ընդառաջ գալիս Իր զավակներին։ Հին ժամանակների սաղմոսերգուն վստահ էր մի սիրո վրա, որը երբեք չի հիասթափեցնում, չի մոռանում և չի լքում՝ Երկնային Հոր սիրո վրա։ Գիտակցելով իր կարիքը՝ նա ապավինում էր Աստծո հավատարմությանը (Սաղմ. 86․1-4)։ «Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար»,- հռչակում էր նա (հ. 5)։ «Իմ նեղության օրը կանչում եմ քեզ, որովհետև դու լսում ես ինձ» (հ. 7)։ Դավիթն աղոթում էր՝ վստահությամբ սպասելով Աստծո պատասխանին, որովհետև Աստված բազմիցս արդեն ապացուցել էր Իր հավատարմությունը նրա հանդեպ (հ. 13)։

Դավթի օրինակով մենք էլ վստահենք մեր Երկնային Հորը, որովհետև Նա խոստացել է միշտ մեզ հետ լինել։ Եվ մենք էլ ասենք. «Իմ ամբողջ սրտով պիտի գոհություն մատուցեմ քեզ, Տե՛ր իմ Աստված, և հավիտյան պիտի փառավորեմ քո անունը» (հ. 12)։ Ինչո՞ւ։ Որովհետև Նա մեր մեծ ու հավատարիմ Աստվածն է, և Նրանից բացի ուրիշը չկա (հ. 8, 10)։

 

Ինչպե՞ս է Աստված Իր հավատարմությունն արտահայտում մեր կյանքում։

Ինչպե՞ս կարող ենք աղոթել՝ վստահությամբ սպասելով Նրա պատասխանին։ 

 

Աղոթք – Երկնային Հա՛յր, օգնի՛ր ապավինել Քեզ, որովհետև Դու միակ Աստվածն ես։

 Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 15-17, Բ Տիմոթեոսին 2