Ելք 33․7-11 Հինգշաբթի | Հոկտեմբեր 29
Մովսեսը վերցրեց վրանը և այն կանգնեցրեց բանակատեղիից դուրս՝ բանակատեղիից հեռու, և այն կոչեց ժողովի վրան։ Ելք 33․7
ԱՂՈԹՔ ԳՈԳՆՈՑԻ ՏԱԿ
Սյուզաննա Ուեսլին (1669-1742) հագեցած կյանքով էր ապրում։ Նա տանը կրթում էր իր տասը երեխաներին և մեծ կարևորություն էր տալիս նրանց հոգևոր դաստիարակությանը։ Նրա ամուսինն անփույթ էր վերաբերվում փողին, ինչի հետևանքով մի քանի ամիս անցկացրեց պարտապանների բանտում։ Նա հաճախ էր բացակայում՝ զբաղվելով ուսմամբ և գրական աշխատանքով, իսկ ֆիզիկական աշխատանքը համարելով ստորադաս՝ տնային համեստ տնտեսության հոգսերը թողել էր Սյուզաննայի ուսերին։ Սակայն, չնայած ծանրաբեռնվածությանը, Սյուզաննայի սերն Աստծո հանդեպ և երկնային իմաստության ձգտումը որոշում էին նրա առաջնահերթությունները։
Ամեն օր Սյուզաննան բարձրացնում էր իր երկար գոգնոցը և ծածկում գլուխը։ Այդ «ծածկոցի» ներքո նա առանձնանում էր Աստծո հետ՝ աղոթելու և Աստվածաշունչ կարդալու համար։ Երեխաները գիտեին, որ այդ ժամերին մայրիկին կարելի էր անհանգստացնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Այսպես Սյուզաննայի գոգնոցը նրա համար դարձավ մի տեսակ «հանդիպման վրան», այն վրանի նման, որը Մովսեսը կանգնեցրեց «բանակատեղիից դուրս» (Ելք 33․7)։ Ժողովրդին անապատով առաջնորդող Մովսեսը նույնպես Աստծո իմաստության ու մխիթարության կարիքն ուներ։ Իսկ իսրայելացիները, չնայած իրենց բոլոր թերություններին, հարգանքով ու ակնածանքով ընդունեցին նրա որոշումը, քանի որ «Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմառդեմ, ինչպես մի մարդ կխոսեր իր բարեկամի հետ» (հ․11)։
Մեր կյանքը կարող է անցնել թե՛ խաղաղ ու լուռ, թե՛ աղմկոտ ու բուռն օրերի մեջ։ Սակայն Սյուզաննա Ուեսլիի օրինակը քաջալերում է մեզ բոլորիս Աստծո հետ առանձնանալու և մեր սեփական «գոգնոցի տակ անցկացրած ժամանակը» գտնելու, Նրա Խոսքի շուրջ խորհրդածելու և Նրա մխիթարությունը, խրատն ու առաջնորդությունն ընդունելու։
Օրվա ընթացքում Աստծո հետ առանձնանալու և Նրա ներկայության մեջ ժամանակ անցկացնելու սովորություն ունե՞նք։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի առօրյա հոգսերը չխանգարեն մեզ լռության մեջ հանդիպելու Աստծուն։
Աղոթք – Երկնային Հա՛յր, շնորհակալ եմ, որ Քեզ հետ անցկացրած ժամանակը երբեք չի հոգնեցնում, այլ ուրախությամբ է լցնում սիրտս և հնարավորություն տալիս կյանքս լցնելու Քո ներկայությամբ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 18-19, Բ Տիմոթեոսին 3