Ծնունդ 12. 1-8 Ուրբաթ | Հոկտեմբեր 30
Տերն ասաց Աբրամին. «Գնա՛ քո երկրից, քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ։ Ծն․ 12․1
ՃԱՆԱՊԱՐՀ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Անձրև էր տեղում, և ջերմաստիճանն անընդհատ նվազում էր։ Մենք մի քանի օր տևողությամբ արշավի էինք մեկնել դեպի Նեպալ, և ամեն առավոտ ավելի ու ավելի դժվար էր դառնում տաք լեռնային ապաստարանից դուրս գալն ու ցուրտ, խոնավ եղանակին ճանապարհ ընկնելը։ «Ժամանակն է գնալու,- պնդում էր մեր ուղեկցորդը,- Մենք չենք կարող սպասել, մինչև եղանակը լավանա։ Մի՛ անհանգստացեք, ես ձեզ հետ կլինեմ»։
Մառախուղի ու անձրևի միջով մեր ուղեկցորդի հետևից քայլելիս ինձ լիովին թշվառ էի զգում։ Արշավն անիմաստ էր թվում, ի՞նչ պիտի տեսնեինք այս ամենի մեջ։ Սակայն մի քանի ժամ անց երկինքը պարզվեց, և մեր առջև բացվեց մի ապշեցուցիչ տեսարան՝ դեպի երկինք խոյացող վեհաշուք լեռնագագաթները։ Եթե մնայինք ապաստարանում, կզրկվեինք այդ հրաշալի տեսարանը վայելելու հնարավորությունից։
Ծննդոց գրքում Աստված Աբրամին պատվիրում է գնալ Քանանի երկիր՝ «Գնա՛ քո երկրից… այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ» (Ծն. 12․1)։ Ապագա նահապետին երկար ու դժվար ճանապարհ էր սպասում օտար երկրում, որտեղ նա բախվելու էր բազմաթիվ փորձությունների և տեղաբնակ ցեղերի թշնամանքին։ Նրա միակ հենարանն Աստծո ներկայությունն էր և այն խոստումը, որ Աստված իրենից «մեծ ազգ» էր դարձնելու (հ. 2)։ «Եվ Աբրամը գնաց, ինչպես Տերն ասել էր նրան» (հ. 4)։ Միայն երկար տարիներ անց նա տեսավ, թե ինչպես է Աստված կատարում Իր խոստումը։
Երբեմն Տերը մեզ կանչում է ծառայության, աշխատանքի կամ հանձնարարության, որոնք դժվար ու անշնորհակալ են թվում։ Սակայն եթե ապավինում ենք Նրա Խոսքին և հավատքով առաջ ենք քայլում, Նա մեզ ուղեկցում է ճանապարհի ողջ ընթացքում։
Ինչի՞ համար է Աստված այսօր կանչում մեզ։ Ի՞նչն է մեզ խանգարում վստահությամբ առաջ շարժվել Նրա կամքի համաձայն։
Աղոթք – Երկնային Հա՛յր, զորացրո՛ւ հավատքս, որպեսզի համարձակվեմ առաջ շարժվել՝ նույնիսկ չիմանալով, թե ինչ է ինձ սպասում։ Օգնի՛ր միշտ հիշել, որ Դու իմ կողքին ես։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 20-21, Բ Տիմոթեոսին 4