Հռոմեացիներին 12. 13-21 Կիրակի | Նոյեմբեր 1
Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ Հռ․12․18
ԱՍՏԾՈ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԸ
Եկեղեցին անդադար մի խնդրի էր բախվում․ աշխատակիցները հաճախ խնդրում էին առաքիչներին պատվերները ներս բերել, սակայն առաքիչները դրանք թողնում էին դրսում։ Արդյունքում որոշ ապրանքներ անհետանում էին։
Եկեղեցու աշխատակացիները, բնականաբար, դժգոհ էին ստեղծված իրավիճակից։ Սակայն առաքման ծառայությանը բողոքելու փոխարեն՝ նրանք եկեղեցու ներսում մի փոքրիկ սեղան պատրաստեցին՝ հյուրասիրություններով։ Նրանք հրավիրում էին առաքիչներին ներս մտնել, մի փոքր հանգստանալ և ինչ-որ բան ուտել։ Շուտով պատվերները սկսեցին ներս բերել։ Իսկ եկեղեցու աշխատակիցներն առաքիչներին մի կարևոր ուղերձ փոխանցեցին․ «Դուք մեզ համար կարևոր եք որպես մարդիկ, ոչ թե պարզապես որպես ծառայություն մատուցողներ»։
Տհաճ իրավիճակներում մեր բնական արձագանքը հաճախ լինում է նյարդայնանալն ու մեղավորներ փնտրելը։ Սակայն շատ դեպքերում նման խնդիրները կարելի է լուծել բարությամբ և համբերությամբ։ Պողոս առաքյալը հորդորում է իր ընթերցողներին արտահայտել Աստծո բարությունը նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատողները դրան արժանի չեն թվում։ Սուրբ Հոգու զորությամբ և իմաստությամբ մենք կարող ենք լինել հյուրընկալ, ուշադիր և կարեկից (Հռոմ. 12․13-14)։ Նույնիսկ եթե թվում է, թե մեր բարությունը ոչինչ չի փոխի, մենք գիտենք, որ նման վերաբերմունքը հաճելի է Աստծուն։ Չէ՞ որ Աստծո Խոսքն ասում է. «Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք» (հ. 18)։
Ե՞րբ ենք վերջին անգամ չարին բարությամբ պատասխանել։ Ինչպե՞ս կարող է ուրիշների հանդեպ հոգատարությունը մարդկանց համար բացահայտել Աստծո իսկական բնավորությունը։
Աղոթք – Ողորմա՛ծ Տեր, Քո բարությունն անսահման է իմ հանդեպ։ Օգնի՛ր Քո բարության լույսը սփռել ինձ շրջապատող մարդկանց վրա և այդպիսով իմ փոքրիկ աշխարհը դարձնել ավելի լուսավոր ու բարի։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 24-26, Տիտոսին 2