Ա Թագավորների 8. 3-20 Երկուշաբթի | Նոյեմբեր 2
․․․․ նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են ինձ, որ չթագավորեմ իրենց վրա։
Ա Թագ․ 8․7
ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԹԱԳԱՎՈՐՆ Է
Մեկ տարի աշխատանք փնտրելուց հետո Իթանը վերջապես լավ առաջարկ ստացավ։ Սակայն երբ կինը ծանոթացավ մանրամասներին, խնդրեց նրան նախքան համաձայնվելը լավ մտածել։ «Այդտեղ գիշերային հերթափոխեր են լինելու, - ասաց նա,- դու այլևս չես կարողանա կիրակի օրերին եկեղեցի գնալ, ինչպես նախկին աշխատանքիդ ժամանակ»։ Աղոթելուց և ամեն ինչ լավ կշռադատելուց հետո Իթանը հրաժարվեց առաջարկից։ Այդ աշխատանքի մեջ վատ բան չկար, բայց նա հասկանում էր, որ այն կարող է վնաս հասցնել իր հոգևոր կյանքին։ Մի քանի ամիս անց նա մեկ այլ աշխատանք գտավ և կարողացավ կանոնավոր կերպով հաճախել եկեղեցի։
Ոչ բոլոր տրամաբանական թվացող որոշումներն են իսկապես իմաստուն կամ Աստծուն հաճելի։ Իսրայելացիներին էլ բնական էր թվում թագավոր խնդրելը։ Սամուելի որդիները հարմար չէին ժողովրդի առաջնորդ լինելու համար (Ա Թագ. 8․3), իսկ մյուս ազգերը, որոնք թագավորներ ունեին, հաջողակ էին թվում (հ. 5, 20)։ Աստված զգուշացնում էր ժողովրդին, որ չապավինի մարդկանց։ Միայն Նա էր իսկական Թագավորը, Ով կարող էր կատարյալ կերպով պաշտպանել ու ապահովել նրանց (հ. 7, 11-18)։ Սակայն ժողովուրդը համառեց իր որոշման մեջ (հ. 19), և Տերն ասաց Սամուելին. «ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են ինձ, որ չթագավորեմ իրենց վրա» (հ. 7)։ Հետագայում իսրայելացիները դառնորեն ճաշակեցին իրենց որոշման պտուղները՝ հայտնվելով բազմաթիվ ամբարիշտ թագավորների իշխանության տակ։
Մարդկային իմաստությունը հաճախ մղում է մեզ ապավինելու ոչ թե Աստծուն, այլ ինքներս մեզ։ Աստծո ճանապարհները կարող են անտրամաբանական թվալ, սակայն հենց դրանք են իսկապես իմաստուն և դեպի բարին առաջնորդող։ Թող Տերը սովորեցնի մեզ վստահել Իրեն և հնազանդվել Իր իշխանությանը, որովհետև միայն Նա է իսկապես զորեղ ու սիրող Թագավորը։
Ի՞նչ կարևոր որոշումների առաջ ենք կանգնած։ Ինչպե՞ս կարող ենք փնտրել Աստծո իմաստությունն ու առաջնորդությունը՝ ճիշտ ընտրություն կատարելու համար։
Աղոթք – Տե՛ր, սովորեցրու ինձ վստահել Քո իմաստուն առաջնորդությանը և ապրել այնպես, որ իմ բոլոր քայլերով հաճեցնեմ Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 27-29, Տիտոսին 3