.
2026թ., Նոյեմբերի 3

Բ Կորնթացիներին 12. 6-9                                                              Երեքշաբթի   |   Նոյեմբեր 3

 

Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի։ Բ Կորնթ․12․8

 

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԱՂՈԹՔ

 

Երբ Մոնիկայի որդին՝ Օգոստինոսը, որոշեց մեկնել մի քաղաք, որը հայտնի էր իր անբարո կյանքով, մայրը ջերմեռանդորեն աղոթում էր, որ Աստված թույլ չտա նրան գնալ։ Սակայն Օգոստինոսն այնուամենայնիվ մեկնեց, և դա խորապես ցավեցրեց մոր սիրտը։ Բայց հենց այդ քաղաքում Աստված դիպավ նրա սրտին և փոխեց նրա կյանքը։ Հետագայում Օգոստինոսն իր «Խոստովանություններ» գրքում, դիմելով Արարչին, գրեց․ «Դու Քո խորունկ խորհուրդներով լսեցիր նրա ցանկության բուն էությունը և այն ժամանակ չկատարեցիր նրա խնդրանքը, որպեսզի ինձ դարձնես այն, ինչի համար նա միշտ աղոթում էր»։ Օգոստինոսը ոչ միայն հավատաց Քրիստոսին, այլև դարձավ պատմության ամենաազդեցիկ քրիստոնյա մտածողներից մեկը։

Երբեմն Աստված չի տալիս մեզ այն, ինչ խնդրում ենք, որովհետև պատրաստում է շատ ավելի արժեքավոր մի բան։ Մոնիկայի պես՝ Պողոս առաքյալն էլ Աստծուն դիմեց խնդրանքով, բայց չստացավ իր ակնկալած պատասխանը։ Մենք չգիտենք, թե որն էր նրա «մարմնի խայթը», սակայն գիտենք, որ այն տանջում էր նրան, և նա «երեք անգամ աղաչեց» Տիրոջը, որ ազատի իրեն դրանից (Բ Կորնթ. 12․7-8)։ Սակայն Աստված պատասխանեց․ «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում» (հ. 9)։ Արդյունքում Պողոսը սկսեց պարծենալ իր տկարություններով, որպեսզի Քրիստոսի զորությունն իր վրա կատարյալ լինի  (հ. 9)։

Պողոս առաքյալի պատմությունը մեզ սովորեցնում է, թե ինչպես վարվել, երբ չենք ստանում Աստծուց մեր ակնկալած պատասխանը կամ երբ Նրա պատասխանը տարբերվում է մեր սպասումներից։ Մեր հույսը Հիսուսն է, և Նրա զորությամբ մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է։

 

Եղե՞լ է, որ Աստծուց մի բան խնդրենք, բայց ստանաք բոլորովին այլ պատասխան, քան ակնկալում էինք։ Ինչպե՞ս է Նա օգնել մեզ այդ իրավիճակում պահպանել հավատն ու վստահությունն Իր հանդեպ։

 

Աղոթք – Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ ամեն իրավիճակում ապավինել Քո բարությանը և ամեն օր Քեզնից ստանալ այն ուժը, որն ինձ անհրաժեշտ է։ Ամեն։

 

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 30-31, Փիլիմոնին