Բ Թագավորների 7․1-9 Հինգշաբթի | Նոյեմբեր 5
Ես քեզ հետ էի, ուր որ գնում էիր․․․ Բ Թագ․ 7․9
ՈՐՏԵՂ ԷԼ ՈՐ ԼԻՆԵՆՔ
Ցույց տալու համար, որ քրիստոնեությունը պարզապես «եկեղեցում դավանվող կրոն» չէ, Էնդրյու Օլերթոնը նկարահանող խմբի հետ մեկնեց Շվեյցարական Ալպեր և բարձրացավ մինչև 4067 մետր բարձրության վրա։
Սակայն նրանց ծրագիրը քիչ էր մնում ձախողվեր։ Կոնտակտային լինզան խրվեց Էնդրյուի աչքի մեջ՝ առաջացնելով բորբոքում։ Թիմը որոշեց նրան հիվանդանոց տանել, բայց մինչ այդ բոլորը շրջան կազմեցին և միասին աղոթեցին։ «Երբ բացեցի աչքերս,- հիշում է Էնդրյուն,- ինչ-որ բան փոխվել էր։ Հինգ րոպե անց արդեն նոր լինզա էի դրել»։ Նրա աչքն ամբողջությամբ ապաքինվեց։ Ուրախացած՝ թիմը շարունակեց վերելքը։ «Սա ևս մեկ անգամ հիշեցրեց ինձ, որ Աստված բնության անծայրածիր տարածքներում մեզ նույնքան մոտ է, որքան եկեղեցաշենքերում», - ասում է Էնդրյուն։
Նման միտք Աստված հայտնեց նաև Դավիթ թագավորին, երբ նա որոշեց Տիրոջ համար տաճար կառուցել. «Այն օրից, ինչ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից, մինչև այսօր չեմ բնակվել տան մեջ, այլ ման եմ եկել վրաններով և տաղավարներով» (Բ Թագ. 7․6)։ Աստծուն մեզ հետ հանդիպելու համար մարդու ձեռքով կառուցված տուն հարկավոր չէ։ «Ես քեզ հետ էի, ուր որ գնում էիր», - հիշեցրեց Նա Դավթին։ Աստված նրա հետ էր թե՛ այն ժամանակ, երբ նա հովվում էր ոչխարներին, թե՛ այն ժամանակ, երբ թագավոր դարձավ։
Մեր Աստծուն չեն սահմանափակում ո՛չ պատերը, ո՛չ էլ աշխարհագրական վայրերը։ Այո՛, մեզ անհրաժեշտ է հավատացյալների հետ միասին հավաքվելը, սակայն որտեղ էլ լինենք՝ եկեղեցում թե լեռնային վայրերում, Ամենակարող Տերը միշտ մեր կողքին է։ Նա այսօր էլ մեզ հետ է քայլում կյանքի ճանապարհներով (հ. 6)։
Ի՞նչ ենք զգում՝ գիտակցելով, որ Աստված միշտ մեր կողքին է՝ ուր էլ որ լինենք։ Ինչպե՞ս ենք պահպանում Նրա հետ մտերմությունն ու հաղորդակցությունը մեր առօրյա կյանքում։
Աղոթք – Տե՛ր Աստված, շնորհակալ եմ, որ Դու միշտ ինձ հետ ես։ Քեզ գտնելու համար կարիք չունեմ որևէ հատուկ վայր գնալու, որովհետև Քո Հոգով բնակվում ես իմ մեջ։ Օգնի՛ր ինձ միշտ խոր ակնածանքով ու երախտագիտությամբ ապրել այս մեծ ճշմարտության գիտակցությամբ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 34-36, Եբրայեցիներին 2