Մարկոս 6. 6-7. 12-13 Ուրբաթ | Նոյեմբեր 6
Եվ իր մոտ կանչեց տասներկուսին ու սկսեց երկու-երկու ուղարկել՝ նրանց իշխանություն տալով պիղծ ոգիների վրա։ Մարկ․ 6․7
ՔՐԻՍՏՈՍՈՎ ԳՈՐԾԸԿԵՐՆԵՐ
Լուրջ հիվանդությունը խիստ թուլացրել էր ամուսնուս։ Ֆիզիոթերապևտը նրան հատուկ վարժություններ էր նշանակել, սակայն Դենն այնքան էլ ցանկություն չուներ դրանք կատարելու։ Մի օր որոշեցի նրա հետ միասին վարժություններ անել։ Ձեռքերս բարձրացնելով՝ ծիծաղելով ասացի․ «Ուղղակի զգում եմ, թե ինչպես եմ ուժեղանում»։ Նա էլ ծիծաղեց, և մենք միասին երեք շարք վարժություններ կատարեցինք։ Այն, ինչ սկզբում դժվար էր թվում, դարձավ ուրախ ու հաճելի, երբ սկսեցինք դա անել միասին։
Համատեղ ծառայելու ուժը լավագույնս ցույց տվեց Հիսուսը։ Գալիլեայի գյուղերում քարոզելիս` Նա կանչեց տասներկու աշակերտներին և «սկսեց երկու-երկու ուղարկել՝ նրանց իշխանություն տալով պիղծ ոգիների վրա» (Մարկ. 6․7)։
Առանձին-առանձին աշակերտները գուցե ավելի արագ շարժվեին և ավելի շատ գյուղեր այցելեին։ Սակայն իրենց դժվարին հանձնարարությունը նրանք շատ ավելի արդյունավետ էին կատարում՝ զույգերով ծառայելով։ Այդպես նրանք կարող էին նկատել ու ուղղել միմյանց սխալները, օգնել իրար հաղթահարելու ծուլությունն ու անտարբերությունը, քաջալերել միմյանց և ոգեշնչել գործելու։
Երկուսով ծառայելով՝ նրանք «քարոզում էին, որ մարդիկ ապաշխարեն։ Շատ դևեր էին հանում, շատ հիվանդների յուղով օծում էին և բժշկում նրանց» (հ․ 12-13)։ Համագործակցելով՝ նրանց զորությունը կրկնապատկվում էր։ Սուրբ Հոգու միջոցով Քրիստոսից զորություն ստանալով՝ նրանք քանդում էին խավարի իշխանությունը և բժշկություն բերում մարդկանց։ Ես ու ամուսինս էլ համոզվել ենք, որ միասին ավելի լավ է, հատկապես երբ Քրիստոսով ենք միավորված։
Ո՞ւմ հետ կարող ենք համագործակցել Քրիստոսին ծառայելու գործում։ Ինչպե՞ս է համատեղ ծառայությունն ամրացնում մեր հավատը և զորացնում մեզ։
Աղոթք – Տե՛ր Հիսուս, առաջնորդի՛ր ինձ դեպի այն մարդկանց, որոնց հետ կարող եմ միասին բարի գործեր կատարել Քեզ համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 37-39, Եբրայեցիներին 3