.
2026թ., Նոյեմբերի 7

Ելք 31․1-10                                                                                                Շաբաթ   |   Նոյեմբեր 7

 

Եվ լցրեցի նրան Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամենայն ճարտարությամբ։ Ելք 31․3

 

ՇՆՈՐՀՎԱԾ ԻՐ ՓԱՌՔԻ ՀԱՄԱՐ

 

Նիկոլա Օլիսլագերսը, ով բարձրացատկի կրկնակի օլիմպիական արծաթե մեդալակիր էր, 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում հաղթահարեց երկու մետր բարձրությունը։ Մրցումներից առաջ և դրանց ընթացքում նա միշտ Աստծուց էր զորություն խնդրում, իսկ մեկնարկից առաջ դաստակներին գրում էր աստվածաշնչյան համարներ։ Նիկոլան «Հավերժական պսակներ» ծառայության համահիմնադիրներից էր։ Այդ ծառայությունն աջակցում էր հավատացյալ մարզիկներին՝ օգնելով նրանց աճել հոգևոր կյանքում և իրենց հավատքի մասին վկայել ուրիշներին։ Նրա համար սպորտը երկրպագության ձև էր, և մի անգամ հարցազրույցներից մեկում Նիկոլան ասել էր. «Երբ ցատկում եմ, ինձ թվում է՝ եկեղեցում եմ: Իմ երկրպագությունն արտահայտվում է ոչ թե երգելով, այլ նրանով, թե ինչպես են ոտքերս անցկացնում ձողի վրայով»։

Մենք կարող ենք երկրպագել Աստծուն նույնիսկ ամենասովորական գործերն անելիս, եթե դրանք նվիրում ենք Նրան (Ա Կորնթ. 10․31)։ Սակայն Տերը մեզնից յուրաքանչյուրին նաև յուրահատուկ շնորհներ է տալիս, որոնցով կարող ենք փառավորել Նրան։  Բեսելիելն Աստվածաշնչում առաջին մարդն էր, ում մասին ասվում է, որ լցված էր «Աստծո Հոգով» (Ելք 31․3), որպեսզի վարպետորեն պատրաստեր խորանի համար անհրաժեշտ իրերը (հ. 4)։ Նրա արհեստն Աստծուն փառավորելու միջոց էր, իսկ իմաստությունն ու տաղանդը նա հենց Աստծուց էր ստացել (հ. 3)։ 

«Հրե կառքեր» ֆիլմում վազորդ և միսիոներ Էրիկ Լիդելն ասում է․ «Երբ վազում եմ, զգում եմ, որ դա հաճելի է Նրան»։ 

Ի՞նչ յուրահատուկ շնորհներով է Աստված օժտել ձեզ, որպեսզի կարողանաք փառավորել Նրան՝ ուրախություն պարգևելով թե՛ ձեր Արարչին, թե՛ ինքներդ ձեզ։

 

Ո՞ր զբաղմունքն է մեզ առանձնահատուկ ուրախություն պարգևում և միաժամանակ փառք բերում Աստծուն։ Ինչպե՞ս կարող ենք այդ զբաղմունքի միջոցով մեր սերն ու երախտագիտությունն արտահայտել Նրա հանդեպ։

 

Աղոթք – Տե՛ր Աստված, բոլոր բարի պարգևների Աղբյո՛ւր, շնորհակալ եմ Քո բազում օրհնությունների համար։ Քո տված շնորհները Քեզ եմ վերադարձնում՝ դրանք Քո փառքի համար ծառայեցնելով։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 40-42, Եբրայեցիներին 4