Ա Տիմոթեոսին 6․17-19 Կիրակի | Նոյեմբեր 8
Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր․․․թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից։ Ա Տիմ․ 6․17-18
ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՆՈՒՆԸ
Ռոս-օն-Ուայը գեղատեսիլ փոքրիկ քաղաք է Անգլիայում։ Այստեղ վեր է խոյանում եկեղեցու բարձր սրածայր աշտարակը, կողքին՝ հին Շուկայի տունը, իսկ բլրի վրա գտնվում է մի զբոսայգի, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Ուայ գետը։ Քաղաքի փողոցներով զբոսնելիս՝ անհնար է չնկատել մի անուն՝ Ջոն Քիրլ։
Ջոնը ծնվել էր 1637 թվականին, մի հարուստ ընտանիքում։ Սակայն ժառանգած հարստությունը նա օգտագործեց ոչ թե շքեղության ու անձնական բարեկեցության, այլ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Նա կառուցեց հենց այն զբոսայգին, որը գտնվում է բլրի գագաթին՝ այն նվիրելով քաղաքի բնակիչներին։ Այդ ժամանակներում նման քայլը հազվադեպ էր։ Ջոնը նաև գետի երկայնքով կառուցեց առափնյա զբոսավայր, քաղաք ջուր հասցրեց, ֆինանսավորեց դպրոցների գործունեությունը, գործազուրկների համար վճարեց արհեստ սովորելու ծախսերը, իր տան դռները բացեց աղքատների առաջ և շուկայի հրապարակում հաց բաժանեց կարիքավորներին։
Ես վաղուց եմ հաճախում Ռոս-օն-Ուայի եկեղեցի և երբեմն մտածում եմ՝ արդյոք Ջոն Քիրլը ոգեշնչվել էր այսօրվա աստվածաշնչյան համարով։ Պողոս առաքյալը հորդորում էր Տիմոթեոսին համոզել հարուստ հավատացյալներին, որ չհպարտանան իրենց հարստությամբ, այլ օգտագործեն այն բարի գործեր կատարելու համար (Ա Տիմ. 6․17-18)։ Մինչ մյուս հողատերերը շքեղ առանձնատներ էին կառուցում և դրանք լցնում թանկարժեք իրերով, Քիրլը գանձ էր կուտակում երկնքում (հ. 19)։
Մեզնից յուրաքանչյուրն ունի որոշակի ժամանակ, շնորհներ և նյութական միջոցներ, և Աստված կոչ է անում մեզ իմաստությամբ տնօրինել դրանք։ Ջոն Քիրլի օրինակը հիշեցնում է, որ երբ մեր ունեցածը ներդնում ենք ուրիշների բարօրության համար, փառավորում ենք Աստծուն։
Ի՞նչ շնորհներ, կարողություններ և միջոցներ է Աստված վստահել մեզ։ Ինչպե՞ս կարող ենք դրանք օգտագործել՝ Նրա անունը փառավորելու և ուրիշների կյանքում օրհնություն լինելու համար։
Աղոթք – Աստվա՛ծ իմ, ցույց տուր ինձ, թե ինչպես իմաստությամբ տնօրինեմ Քո պարգևածը, որպեսզի օրհնություն լինեմ ուրիշների համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 43-45, Եբրայեցիներին 5