Ծնունդ 47․1-12, 28-31 Երկուշաբթի | Նոյեմբեր 9
․․․Ապա Իսրայելը խոնարհվեց Գավազանի գլխի վրա։ Ծն․ 47․31
ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ ՏԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Առավոտյան արթնացա ուժեղ հարբուխով։ Կեսօրին արդեն ամբողջ մարմինս ցավում էր, իսկ գիշերը հազն այնքան էր տանջում, որ չէի կարողանում քնել: Մտքերս խառնվել էին, ուժերս՝ սպառվել, ուստի մի կողմ դրեցի բոլոր գործերս և անզորությունից պառկեցի բազմոցին։
«Շնորհակալ եմ, Տե՛ր, որ Դու ինձ հետ ես», - շշնջացի ես, թեև աղոթելն անգամ դժվար էր։ Բայց երբ միտքս կենտրոնացրի «Դու ինձ հետ ես» խոսքերի վրա, մշուշված գիտակցությանս մեջ մի գեղեցիկ պատկեր ծնվեց՝ ասես տաղանդավոր նկարչի վրձնով կերտված մի փխրուն, տկարացած կերպար՝ անկողնում պառկած, բայց Աստծուն երկրպագող։ Այդ պահին միտքս անմիջապես ուղղվեց դեպի Հակոբը։
Սովը ստիպեց նահապետին Քանանից տեղափոխվել Եգիպտոս, որտեղ նա ապրեց ևս տասնյոթ տարի (Ծն. 47․1-12, 28)։ Սակայն եկավ պահը, երբ Իսրայելի «մահվան օրերը» մոտեցան (հ. 29)։ Նա ցանկանում էր, որ իրեն թաղեն այն երկրում, որն Աստված խոստացել էր իր հայրերին։ Երբ Հովսեփը երդվեց կատարել հոր խնդրանքը, Հակոբը, Ով նաև Իսրայել էր կոչվում, «խոնարհվեց Գավազանի գլխի վրա» (հ. 31)։ Թեև ուժասպառ էր, նա շարունակում էր փառաբանել Աստծուն խոր երախտագիտությամբ Նրա բոլոր օրհնությունների համար։
Գրիպից ապաքինվեցի, սակայն քրոնիկ հիվանդությունս կյանքիս մշտական ուղեկիցն է, և Աստծուն երկրպագող Հակոբի պատկերը մինչ օրս դրոշմված է սրտումս։ Հիվանդությունն ու վիշտը կարող են ծանր փորձություն դառնալ մեզ համար, բայց երբ մեր հայացքը հառում ենք Աստծուն և շնորհակալություն հայտնում Նրան, մեր սրտերը լցվում են խաղաղությամբ, վստահությամբ ու հույսով։
Աստծո ո՞ր խոստումներին կարող ենք ապավինել։ Երախտագիտության կամ երկրպագության ի՞նչ խոսքեր կարող են օգնել մեզ կենտրոնանալու Նրա մխիթարող ներկայության վրա։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ սիրում և հոգ ես տանում իմ մասին՝ անկախ նրանից, թե որքան տկար կամ հիվանդ եմ։ Շնորհակալ եմ նաև Քո մխիթարող ներկայության համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 46-47 , Եբրայեցիներին 6