.
2026թ., Նոյեմբերի 14

Ղուկաս 8․1-3                                                                                         Շաբաթ   |   Նոյեմբեր 14

 

․․․Նրա հետ էին նաև տասներկուսը, մի քանի կանայք․․․ Ղուկ․ 8․1-2

 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ Է

 

1969 թվականի հուլիսի 21-ին ողջ աշխարհը հեռուստաէկրաններից հետևում էր, թե ինչպես «Ապոլոն-11»-ի երկու տիեզերագնաց ոտք դրեց Լուսնի վրա։ Ինձ համար հեռուստացույցը կարծես տիեզերանավ էր դարձել, որի միջոցով ես էլ էի մասնակցում այդ պատմական իրադարձությանը։ Սակայն սիրտս ցավում էր երրորդ տիեզերագնացի՝ Մայքլ Քոլինզի համար։ Նա պետք է մնար Լուսնի ուղեծրում՝ հրամանատարական մոդուլում, որպեսզի ապահովեր անձնակազմի անվտանգ վերադարձը Երկիր։

NASA-ի հաշվարկներով՝ «Ապոլոն-11» առաքելության իրականացմանը մասնակցեց ավելի քան չորս հարյուր հազար մարդ, այդ թվում՝ նույնիսկ այն կանայք, ովքեր թեյ էին մատուցում աշխատակիցներին։ Մենք հիշում ենք Լուսնի վրա ոտք դրած երկու տիեզերագնացների անունները, սակայն նրանց հաջողության հետևում կանգնած էր մի հսկայական թիմ՝ կազմված բազմաթիվ աննկատ մնացած մարդկանցից։ Նրանցից յուրաքանչյուրն իր ուրույն դերն ուներ, և յուրաքանչյուրն իր տեղում կարևոր էր։

Երբ Հիսուսը սկսեց Իր ծառայությունը, որն անհամեմատ ավելի կարևոր էր, քան տիեզերական ցանկացած թռիչք, Նա նույնպես Իր շուրջը համախմբեց մի խումբ մարդկանց։ Ղուկասը նրանց անվանում է «տասներկուսը» (Ղուկ. 8․1)։ Մենք նրանց ճանաչում ենք որպես առաքյալներ։ Հնարավոր է՝ նույնիսկ անգիր հիշում եք նրանց անունները։ Նրանք մեծ պատվի արժանացան՝ երեքուկես տարի Հիսուսի հետ ապրելու և Նրանից սովորելու համար։ Սակայն միայն նրանք չէին, որ ուղեկցում էին Հիսուսին։ Նրանց հետ էին նաև «մի քանի կանայք... որոնք իրենց ունեցվածքով ծառայում էին Նրան» (հ. 2-3)։ Տիրոջ ծառայության խմբին անհրաժեշտ էր սնունդ, ինչպես նաև ճանապարհածախսի և այլ ծախսերի հոգում։ Այս ամենն ապահովում էր նվիրված կանանց մի խումբ, որոնք իրենց ծառայությունն իրականացնում էին առանց ուշադրություն գրավելու՝ մնալով կուլիսներում։

Ցանկանո՞ւմ եք Քրիստոսի համար կարևոր մի գործ կատարել։ Նա, ով իսկապես մեծ ու կարևոր է, նկատում է նույնիսկ ամենահամեստ ծառայությունը։ Նրա գործում յուրաքանչյուրի ներդրումն արժեքավոր է, և յուրաքանչյուրի ծառայությունն իր ուրույն նշանակությունն ունի։

 

Ինչպե՞ս ենք մենք մասնակցում Քրիստոսի գործին։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն բան Աստծու փառքի համա՛ր արեք» (Ա Կորնթ. 10․31)։ Ի՞նչ կարող ենք անել այսօր, որպեսզի փառավորենք Աստծուն։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ մեզնից յուրաքանչյուրն արժեքավոր է Քո աչքերում։ Ցո՛ւյց տուր, թե այսօր ինչպես կարող եմ մեկ ուրիշի համար դառնալ Քո սիրո և հոգատարության արտահայտությունը, լինել Քո ձեռքերը՝ օգնելով ու բարություն դրսևորելով։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիայի Ողբերը 3-5, Եբրայեցիներին 10. 19-39