.
2026թ., Նոյեմբերի 15

Փիլիպպեցիներին 2. 3-11                                                                     Կիրակի   |   Նոյեմբեր 15

 

․․․խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։ Փիլ․ 2․3-4 

 

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ

 

Ընկերության կազմակերպած բաց սեմինարի ժամանակ, որտեղ նոր էի աշխատանքի անցել, յուրաքանչյուր աշխատակցի որոշակի պարտականություն էր հանձնարարվել՝ հյուրերին դիմավորել, կազմակերպչական հարցերով զբաղվել և այլն։ Միջոցառումը մեծ էր, բոլորը զբաղված էին իրենց գործերով, ուստի ոչ ոք ուշադրություն չդարձրեց, երբ մասնակիցներից մեկը պատահաբար խմիչքը թափեց հատակին։ Դա նկատելով՝ ղեկավարներից մեկը մի կողմ դրեց իր գործերը և մաքրեց թափված հեղուկը։

Որպես միջոցառման կազմակերպիչ՝ նա լիովին կարող էր այդ գործը հանձնարարել մեկ ուրիշին։ Սակայն նախընտրեց ինքն անել այն, ինչը շատերը գուցե համարեին ստորադաս կամ անարժան աշխատանք։ Այդ պարզ, բայց խոնարհ արարքով նա իմ խորին հարգանքին արժանացավ։

Պողոս առաքյալը Փիլիպպեցիներին ուղղված նամակում խոնարհությունը ներկայացնում է պարզ ու գործնական կերպով. «Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս» (Փիլ. 2․3-4)։

Իմ ղեկավարը չէր մտածում իր դիրքի կամ կարգավիճակի մասին։ Իսկական խոնարհությունն արտահայտվում է այն խոսքերով ու գործերով, որոնք բխում են բաց սրտից և ուրիշներին անձնվիրաբար ծառայելու անկեղծ ձգտումից, այլ ոչ թե սեփական հեղինակությունն ու դիրքը պահպանելու ցանկությունից։ Սա Հիսուս Քրիստոսի բնավորության արտացոլումն է։ Նա, լինելով Աստված, «ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով» (հ․ 7)։ Աղոթենք, որ Աստված օգնի մեզ ուրիշներին մեզնից բարձր դասել, որպեսզի ավելի նմանվենք Քրիստոսին՝ մեր Տիրոջը, Ով եկավ ծառայելու։

 

Ի՞նչ մտահոգություններ ունենք՝ կապված մեր դիրքի կամ հեղինակության հետ, որ խանգարում են մեզ։ Ինչպե՞ս կարող ենք այսօր խոնարհություն դրսևորել մեր խոսքերով և գործերով։

 

Աղոթք – Տե՛ր Հիսուս, օգնի՛ր ինձ խոնարհ լինել, չմտահոգվել իմ դիրքի ու հեղինակության համար և, Քեզ նման, ծառայողի կերպարանք ընդունել։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 1-2, Եբրայեցիներին 11. 1-19