Հակոբոս 1. 2-8 Երկուշաբթի | Նոյեմբեր 16
․․․ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Հակ․ 1․3
ԶՈՐԱՆԱԼ՝ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՎ ԱՆՑՆԵԼԻՍ
Էլլիին հեռացրին Անգլիայի նեթբոլի ազգային հավաքականից, որտեղ նա փոխավագն էր։ Երկու տարի շարունակ աղջիկը խոր հուսահատության մեջ էր։ «Ես այլևս չգիտեի՝ ով եմ… Խուսափում էի մարդկանցից, ասես հոգուս խորքում վիրավոր լինեի», - պատմում է նա։ Այդուհանդերձ, Էլլին աղաղակում էր առ Աստված և զգում Նրա սիրառատ պատասխանը. Աստված իր կողքին էր։
Այժմ Էլլին հասկացավ, թե ինչպես էր Աստված այդ դժվարությունների միջոցով մաքրագործում և զորացնում իրեն. «Այդ շրջանն ինձ սովորեցրեց, որ անհաջողությունները աճելու հնարավորություն են»։ Սպասելով, հուսալով և կենտրոնանալով վերականգնման վրա՝ նա ամուր կառչում էր Հակոբոսի թղթում գրված խոսքերից. «Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում» (Հակ. 1․2-3)։ Հիասթափություններ ապրելով ընկերության, հարաբերությունների և սպորտի բնագավառներում՝ նա սովորեց վստահել Աստծուն։
Ուշադրություն դարձրե՛ք, որ Հակոբոսն այս հատվածում ասում է ոչ թե՝ «եթե տարատեսակ փորձությունների մեջ ընկնեք», այլ՝ «երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք»։ Նա գիտի, որ դժվարություններն անխուսափելի են, սակայն նաև ցույց է տալիս, որ դրանց միջով անցնելիս, Աստծո օգնությամբ, մեր մեջ համբերություն և հոգևոր հասունություն են ձևավորվում։ Իսկ եթե մենք իմաստություն խնդրենք (հ․ 5), Տերը կպատասխանի առատաձեռնորեն՝ առանց հանդիմանելու։
Եթե դուք մերժվածության զգացում ունեք, ցավ եք ապրում կամ միայնության մեջ եք, իմացե՛ք, որ Աստված առատորեն կպարգևի ձեզ Իր սերը, ուժն ու հույսը։ Նա կօգնի ձեզ կանգուն մնալ։
Դժվարին պահերին ինչպե՞ս ենք ապավինել Աստծուն և հայցել Նրա օգնությունը։ Ինչպե՞ս են փորձություններն ամրապնդել մեր հավատը և նպաստել հոգևոր հասունացմանը։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ այն վստահության համար, որ Դու միշտ ինձ հետ ես։ Օգնի՛ր յուրաքանչյուր փորձության մեջ նախ և առաջ Քեզ դիմել և Քեզ ապավինել։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 3-4, Եբրայեցիներին 11. 20-40