.
2026թ., Նոյեմբերի 19

Բ Օրենք 4. 12-19                                                                             Հինգշաբթի   |   Նոյեմբեր 19

 

«Իսրայելի որդիներից ամեն մեկը բանակատեղի պիտի հաստատի իր դրոշակի մոտ, իր հայրերի տան նշանով․․․ Թվ․ 2․2 

 

ՔՐԻՍՏՈՍԻ ՇՈՒՐՋ ՀԱՎԱՔՎԱԾՆԵՐԸ

 

2026 թվականին ՖԻՖԱ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվեց Կանադայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում։ Քառասունութ երկրների հազարավոր երկրպագուներ ժամանել էին այնտեղ՝ իրենց հավաքականների հաջողությունը տեսնելու մեծ հույսով։ Իմ դիտած յուրաքանչյուր խաղի ժամանակ մարզադաշտերը վերածվում էին գույների իսկական տոնի։ Երկրպագուները՝ իրենց երկրների գույներով հանդերձավորված, համախմբվում էին՝ անկախ նրանից, թե իրենց երկրում որ ակումբին էին երկրպագում։

Իսրայելի տասներկու ցեղերն էլ ունեին իրենց առանձնահատկություններն ու տարբերանշանները։ Լինելով Հակոբի որդիների սերունդները և կրելով նրանց անունները՝ նրանք դեպի Ավետյաց երկիր էին շարժվում՝ յուրաքանչյուրն «իր դրոշակի մոտ» և «իր հայրերի տան նշանով» (Թվ. 2․2)։ Մովսեսը յուրաքանչյուր ցեղի համար որոշակի տեղ էր սահմանել, որպեսզի նրանք շարժվեին և հանգրվանեին «յուրաքանչյուրն ըստ իր տոհմի, ըստ իր հայրերի տան» (հ. 34)։

Սակայն նրանց միավորում էր նաև մի շատ ավելի խոր պատկանելության զգացում, որը վեր էր արտաքին տարբերություններից։ «Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. «Իսրայելի որդիներից ամեն մեկը բանակատեղի պիտի հաստատի իր դրոշակի մոտ, իր հայրերի տան նշանով. նրանք պիտի հաստատվեն դեմ դիմաց, ժողովի վրանի շուրջը»» (h. 1-2)։ Իսրայելացիները միշտ գիտակցում էին, որ անքակտելիորեն կապված են Աստծո ներկայության հետ, որը գտնվում էր բանակատեղիի կենտրոնում՝ խորանում։ Նրանք նախ և առաջ պատկանում էին ոչ թե որևէ ցեղի կամ տոհմի, այլ՝ Աստծուն։

Այսօր մեզ համար ամենակարևորն Աստծուն պատկանելն է։ Քրիստոսի շուրջը հավաքվող հավատացյալներն ունեն տարբեր ծագում, սոցիալական դիրք և կյանքի փորձառություն, սակայն Աստվածաշունչն ասում է. «Ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով» (Գաղ. 3.28)։ Նրա մեջ միաժամանակ առկա են և՛ բազմազանություն, և՛ միասնություն։ Մենք մեկ ժողովուրդ ենք, որը շարժվում է դեպի մեկ ընդհանուր նպատակ։

 

Ինչպե՞ս ենք ընկալում Քրիստոսում մեր ունեցած դիրքը՝ մեր մյուս դերերի և պատկանելությունների համեմատությամբ։ Ի՞նչ է փոխվում մեր կյանքում այն գիտակցումից, որ մենք պատկանում ենք Նրան։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ ենք, որ Քո Եկեղեցին կոչված է բազմազանության մեջ միասնության կենդանի վկայությունը լինելու։ Միավորի՛ր մեզ Քո սիրո դրոշի ներքո։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 11-13, Հակոբոս 1