Գործք Առաքելոց 16. 22-30 Ուրբաթ | Նոյեմբեր 20
Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթելով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։ Գործք 16․25
ԱՍՏԾՈ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ
Շուբերտի «Ave Maria» ստեղծագործության կենդանի կատարումը հնչեց ամենաանսպասելի վայրում։ Աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Ման Covid-19-ի դեմ պատվաստվելուց հետո փոքրիկ ինքնաբուխ համերգ կազմակերպեց պատվաստման կենտրոնում։ Նա ցանկանում էր ներկաների հետ կիսվել այն երաժշտությամբ, որն իրեն մխիթարություն էր պարգևում։
Աստվածաշնչում բազմաթիվ օրինակներ կան այն մասին, թե ինչպես է երաժշտությունը դրական ազդեցություն ունենում տագնապի ու ցավի պահերին։ Ա Թագավորաց գրքում պատմվում է, թե ինչպես էր Դավթի նվագը հանգստացնում Սավուղ թագավորին (Ա Թագ. 16)։ Իսկ Գործք առաքելոց գրքում կարդում ենք Պողոսի և Շիղայի հետ պատահածի մասին։ Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրը քարոզելու համար նրանց ձերբակալեցին, ծեծեցին և բանտ նետեցին (Գործք 16․23)։ Մութ բանտախցում, ծեծի ցավը կրելով, Պողոսն ու Շիղան «աղոթելով օրհնում էին Աստծուն» (հ․ 25)։ «բանտարկյալները նրանց ականջ էին դնում»,- ընդգծում է հեղինակը։ Հավանաբար, մինչ նրանք աղոթում և երգում էին, Աստծո խաղաղությունը լցնում էր նրանց սրտերը։ Իսկ Աստծո զորությունը հրաշալի կերպով հայտնվեց (հ․ 26)՝ ոչ միայն ցնցելով բանտի հիմքերը, այլև դրդելով բանտապահին փրկություն փնտրելու (հ․ 30)։
Երբ աղոթքով և երգով մեր վախերը հանձնում ենք Աստծուն, մեր կյանքում տեղ ենք տալիս Նրա խաղաղությանը, և այդ խաղաղությունը կարող է ներգործել նաև մեզ շրջապատող մարդկանց վրա։
Ի՞նչ երաժշտություն է մեզ մխիթարում տագնապի պահերին։ Ի՞նչ երգ կարող ենք այսօր երգել՝ Աստծո խաղաղությամբ լցվելու համար։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ միշտ հիշել, որ Դու կողքիս ես նույնիսկ ամենամռայլ ժամանակներում։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 14-15, Հակոբոս 2