Ա Թեսաղոնիկեցիներին 4. 1-8, 10-12 Երեքշաբթի | Նոյեմբեր 24
Եվ ջանաք խաղաղ լինել․․․ Ա Թես․ 4․11
ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ
Հայտարարության պաստառը հրավիրում էր բոլոր ցանկացողներին մասնակցելու «Մեկ մարդը, որ բոցավառված է Աստծո սիրով, կարող է փոխել աշխարհը» խորագրով համերգին և քարոզին։ Իհարկե, համաձայն եմ, որ «Աստծո համար բոցավառվելը» լավ բան է։ Սակայն «փոխել աշխարհն» արտահայտությունն ինձ տարակուսանքի մեջ գցեց։ Արդյո՞ք Աստված իսկապես մեզնից դա է ակնկալում։
Պողոս առաքյալը գրում էր, որ եթե ապրում ենք սրբությամբ և սիրով, ապա արդեն իսկ դրանով հաճեցնում ենք Աստծուն (Ա Թես. 4․1–10) պարզ, առօրյա բաներով։ «Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր… ջանաք խաղաղ լինել։ Եվ ամեն մեկն իր գործն անի, ու ձեր իսկ ձեռքո՛վ աշխատեք, ինչպես որ ձեզ պատվիրեցինք, որ դրսի մարդկանց հետ պարկեշտությամբ վարվեք ու ոչ մի բանի կարոտ չլինեք»,- ավելացնում է Պողոսը (հ․ 10-12)։
Սա բոլորովին նման չէ «աշխարհը փոխելու» կոչին։ Խոստովանեմ, որ այս միտքն ինձ թեթևություն է պարգևում։ Կա միայն Մեկը, Ով իսկապես կարող է փոխել աշխարհը։ Եվ քանի որ Նա արդեն արել է դա, ամեն ինչ իր տեղում է։ Մենք կարող ենք հանգիստ լինել, Քրիստոսով ազատ ենք անելու այն, ինչին Նա մեզ կանչել է։ Դա կարող է լինել ամենասովորական գործը, և դա միանգամայն բնական է։ Կարևորն այն է, որ ամեն ինչ անենք Նրա համար, և այդ ժամանակ ամեն բան արժեք ու նշանակություն կունենա (Կող. 3․17)։
Իհարկե, մենք ցանկանում ենք ապրել լիարժեք կյանքով, սակայն կարիք չկա անհանգստանալու, թե արդյոք բավարար չափով բան ենք արել։ Փառաբանե՛նք Աստծուն թե՛ մեծ, թե՛ փոքր գործերի համար։ Պարզապես կատարեն՛ք այն, ինչին Նա մեզ կանչել է։ Իսկ հետո հանգիստ պառկե՛նք քնելու։
Ի՞նչ գործերի համար է Տերը մեզ այսօր կանչում։ Ինչպե՞ս կարող ենք դրանք կատարել Նրա փառքի համար։
Աղոթք – Տե՛ր, այսօր՝ այս սովորական օրը, իմ բոլոր առօրյա գործերը Քեզ եմ նվիրում։ Թող ամեն ինչ անեմ Քեզ հաճեցնելու և փառք բերելու համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 22-23, Ա Պետրոս 1