Նոյեմբերի 22-ին, Սպիտակում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու նորակառույց եկեղեցաշենքի հանդիսավոր բացումն ու նավակատիքի պաշտամունքը։ Տարիներ շարունակ վարձակալված տարածքներում իր ծառայությունն իրականացրած Սպիտակի ՀԱԵ համայնքն այսուհետ ունի սեփական, ընդարձակ ու հարմարավետ եկեղեցաշենք։
Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց եկեղեցաշենքի մուտքի մոտ՝ աղոթքով, որից հետո ՀԱԵ ավագ հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը, Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի գործադիր տնօրեն վեր. դոկտ. Գրիգոր Յումուշաջիկյանը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանը միասին կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը։ Այնուհետև ներկաները մուտք գործեցին եկեղեցասրահ, որտեղ սկսվեց նավակատիքի պաշտամունքը։
Տոնական իրադարձությանը ներկա էին ՀԱԵ տարբեր տեղական եկեղեցիների հովիվներն իրենց կանանց ու պատվիրակների հետ, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցներ, Սպիտակի ՀԱԵ համայնքի անդամներ և հյուրեր։ Ներկաների թվում էր նաև Սպիտակի Հայ Առաքելական Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Հակոբյանը։
Ողջույնի խոսքում ՀԱԵ ավագ հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը փառք տվեց Աստծուն՝ հիշեցնելով, որ ընդամենը երկու տարի առաջ նույն վայրում ամայի հողատարածք էր, որտեղ տեղի ունեցավ եկեղեցաշենքի հիմնարկեքի պաշտամունքը։ Իսկ այսօր հավատացյալները հնարավորություն ունեն Աստծուն փառաբանելու գեղեցիկ ու հարմարավետ նոր եկեղեցասրահում։
Ավագ հովիվը երախտագիտություն հայտնեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը և «Հույս Հայաստանի համար» կազմակերպությանը՝ եկեղեցաշենքի կառուցումը նախաձեռնելու, ամբողջությամբ ֆինանսավորելու և շինարարական աշխատանքները կազմակերպելու ու ավարտին հասցնելու համար։ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն ապահովել է նաև նորակառույց եկեղեցաշենքի գույքը։ Շնորհակալության խոսք ուղղվեց նաև եկեղեցաշենքի ճարտարապետ Կարեն Յազրյանին։ Միաժամանակ վերապատվելին ընդգծեց, որ այս ամենից վեր Աստծո փառքն է՝ իր խոսքում մեջբերելով Սաղմոս 84-ը, որն արտահայտում է Տիրոջ տան հանդեպ սերն ու Նրա ներկայության մեջ գտնվելու փափագը։
Սպիտակում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին կանոնավոր պաշտամունքներ էր անցկացնում 1997 թվականից, թեև բակային ճամբարների և մանկական ծառայությունների միջոցով քաղաքում իր գործունեությունը սկսել էր ավելի վաղ։ Շուրջ երեք տասնամյակ համայնքը գործել է վարձակալված տարածքներում՝ հաղթահարելով բազմաթիվ անհարմարություններ։ Նոր եկեղեցաշենքի բացումը, հետևաբար, առանձնահատուկ նշանակություն ունի Սպիտակի ՀԱԵ համայնքի կյանքում՝ ստեղծելով առավել բարենպաստ պայմաններ պաշտամունքների, հոգևոր կրթության և տարբեր ծառայությունների իրականացման համար։
Հանդիսավոր պաշտամունքի փառաբանության բաժինն առաջնորդեց Ստեփանավանի ՀԱԵ երգչախումբը՝ Անի Հաջինյանի ղեկավարությամբ և լարային քառյակի նվագակցությամբ։ Փոխասաց ընթերցանությունն առաջնորդեց պատ. Սուրեն Մակարյանը, փառաբանության աղոթք բարձրացրեց վեր. Վարդան Ափինյանը, իսկ հովվական աղոթքն առաջնորդեց վեր. Ավետիք Խաչատրյանը։
Նավակատիքի պաշտամունքի պատգամաբերը ՀԱԵ Հոգևոր Խորհրդի փոխնախագահ վեր. Արամ Բաբաջանյանն էր։ Եփեսացիներին 2.11-22 հատվածի հիման վրա նա խոսեց եկեղեցու էության և առաքելության մասին՝ ընդգծելով, որ եկեղեցին Քրիստոսով հաշտության և միասնության վայր է, որտեղ քանդվում են Աստծո և մարդու, ինչպես նաև մարդկանց միջև գոյություն ունեցող բաժանարար պատերը։
«Քրիստոսի մեջ մարդիկ, անկախ ազգային և այլ տարբերություններից, դառնում են մեկ ժողովուրդ՝ Աստծո ընտանիքի անդամներ։ Եկեղեցին կոչված է ոչ միայն համախմբելու հավատացյալներին, այլև լսելու Աստծո ձայնը, հնազանդվելու Նրա կամքին, համարձակորեն հռչակելու ճշմարտությունը և հասնելու անարդարությունից ու կարիքից տառապող մարդկանց։ Այս առաքելության մեջ այն միաժամանակ ամրոց է և փարոս՝ շարունակաբար աճող և Աստծո բնակարանը դարձող հոգևոր կառույց։ Եկեղեցու էությունն ու առաքելությունը որոշում է ոչ թե մարդը, այլ Աստված, որն էլ հաստատում և պահպանում է այն»,– ընդգծեց վերապատվելին։
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանն իր խոսքում ընդգծեց, որ նոր եկեղեցաշենքի բացումը պարզապես շինարարական ծրագրի ավարտ չէ, այլ նաև քաղաքի հոգևոր կյանքի վերականգնմանն ուղղված կարևոր քայլ։
Նա հիշեցրեց, որ 1918 թվականին հիմնադրված Հայ Ավետարանչական ընկերակցության առաքելությունն աշխարհասփյուռ հայ ժողովրդին Քրիստոսի սերը, լույսն ու պատգամը փոխանցելն է։ Անդրադառնալով 1988 թվականի ավերիչ երկրաշարժին՝ Դեյիրմենջյանը նշեց, որ մեծ կորուստների ու ցավի հետ մեկտեղ աղետը նաև խթան դարձավ Հայաստանում ընկերակցության ծառայությունների ընդլայնման համար։ Անցած տասնամյակների ընթացքում իրականացվել են հոգևոր, կրթական, բժշկական և սոցիալական բազմաթիվ ծրագրեր։ Սակայն նյութական կառույցների վերականգնմանը զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև մարդկանց հավատքի զորացումն ու հոգևոր կյանքի վերականգնումը։ Նա հույս հայտնեց, որ նորակառույց եկեղեցին Սպիտակի բնակիչների համար կդառնա հոգևոր լույսի, հույսի և օրհնության աղբյուր։
Պաշտամունքին հաջորդեց նավակատիքի արարողությունը, որն առաջնորդեց Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի գործադիր տնօրեն վեր. դոկտ. Գրիգոր Յումուշաջիկյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա հիշեց, որ առաջին անգամ Սպիտակ է այցելել 1991 թվականին։ Տասնամյակներ անց վերակառուցված քաղաքում նոր եկեղեցաշենքի նավակատիքին մասնակցելը նրա համար առանձնահատուկ հուզիչ իրադարձություն էր։
Նավակատիքի արարողության ընթացքում աստվածաշնչյան հատվածներ ընթերցեցին վեր. Գևորգ Գասպարյանը՝ Սաղմոս 122-ը, և վեր. Վարդան Ափինյանը՝ Ա Կորնթացիներին 3.10-23 և Մատթեոս 16.13-20 հատվածները։
Այնուհետև վեր. Կարեն Օչինյանի առաջնորդությամբ միասնաբար ընթերցվեց նիկիական հանգանակը, որին հաջորդեց եկեղեցաշենքի նվիրման արարողությունն ու աղոթքը՝ վեր. դոկտ. Գրիգոր Յումուշաջիկյանի առաջնորդությամբ։
Նա ամփոփեց նվիրաբերումը հետևյալ խոսքերով. «Այս տարածքն այսուհետ զատված է ամեն անսուրբ ու Աստծո կամքին հակառակ գործածությունից և նվիրաբերված է Ամենակալ Աստծո պաշտամունքի ծառայությանը, ով արժանի է Փառքի, պատվի, իշխանության և զորության հավիտյանս հավիտենից»։ Ի պատասխան հայտարարությունների՝ ներկաները միասնաբար արձագանքում էին. «Քեզ ենք նվիրում աղոթքի այս տունը»։
Արարողության ավարտին հնչեց Տերունական աղոթքը, որին հաջորդեց ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Գևորգ Գասպարյանի օրհնության աղոթքը։
Սպիտակի ՀԱԵ համայնքի համար նոր եկեղեցաշենքի բացումը ոչ միայն երկար տարիների սպասման իրականացում է, այլև ծառայության նոր հանգրվան։ Այն կոչված է դառնալու մի վայր, որտեղ շարունակելու է հնչել Աստծո Խոսքը, զորանալու է հավատքը, և զարգանալու են եկեղեցու ծառայությունները՝ ի փառս Աստծո և ի օրհնություն Սպիտակի բնակիչների։