.
«Հիշողության գույները»․ սիրո, հավատքի և երախտագիտության պատմություն

2026 թ. նոյեմբերի 24-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Բաղրամյան 18-ի դահլիճում տեղի ունեցավ Մելանյա Գեղամյանի հեղինակած «Հիշողության գույները» գրքի շնորհանդեսը։ Ամուսնու՝ Անդրանիկ Մարդոյանի հիշատակին նվիրված գրքում հեղինակն ամփոփել է համատեղ ապրած տարիների թանկարժեք հիշողությունները, կյանքի ուշագրավ դրվագներն ու սիրելի մարդու թողած լուսավոր հետագծի մասին վկայությունները։

Շնորհանդեսը համախմբել էր Մարդոյան ընտանիքի հարազատներին, ընկերներին, գործընկերներին ու հոգևոր ծառայակիցներին։ Գրական-մշակութային այս միջոցառումն ընդգծված հոգևոր բովանդակություն ուներ․ կարոտի ու կորստի զգացումներին միահյուսված էին Աստծուն ուղղված երախտագիտությունն ու հավիտենական կյանքի քրիստոնեական հույսը։

Միջոցառումը սկսվեց Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի գործադիր տնօրեն վեր. դոկտ. Գրիգոր Յումուշաջիկյանի աղոթքով, որից հետո ներկաները դիտեցին Անդրանիկ Մարդոյանի կյանքի հիշարժան դրվագներին նվիրված տեսաֆիլմը։ Առաջինը ելույթ ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Մարդոյանի բազմամյա գործունեությանն ու ծառայությանը, ինչպես նաև կարևորելով նրա սկսած գործը տիկնոջ՝ Մելանյայի կողմից շարունակելու հանգամանքը։

Անդրանիկ Մարդոյանի կյանքի շուրջ երեք տասնամյակները սերտորեն առնչվել են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու գործունեությանը։ Իր մասնագիտական հարուստ փորձառությունն ու ստեղծագործական կարողությունները նա ներդրել է Ավետարանի տարածման, եկեղեցու և ընկերակցության գործունեության լուսաբանման ու պատմության արձանագրման գործում։ Խորհրդանշական է, որ տասնամյակներ շարունակ եկեղեցու պատմությունն ու ուրիշների կյանքի հիշարժան դրվագները խնամքով արձանագրած մարդու կյանքի պատմությունն այսօր գրքի էջերում է ամփոփել նրա հավատարիմ ուղեկիցը՝ Մելանյա Գեղամյանը։

Գրքի գրական ու բովանդակային արժանիքներին անդրադարձան գրախոսներ`  Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, և  Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը, ինչպես նաև գրքի խմբագիր Զարմիկ Սարգսյանը։

Աբգար Ափինյանն իր խոսքում առանձնացրեց Անդրանիկ Մարդոյանի՝ մարդկանց համախմբելու բացառիկ կարողությունը՝ նշելով. «Անդրանիկն այն մարդկանցից էր, ում հիշելով՝ մենք կարծես ինքներս մեզ ենք ավելի լավ ճանաչում։ Նա համերաշխության օրինակ էր»։

Քնարիկ Աբրահամյանն Անդրանիկ Մարդոյանին բնորոշեց որպես գեղեցիկի մարմնավորում՝ հորդորելով պահպանել նրան բնորոշ գեղեցիկի ընկալումն ու մաղթելով, որ այն այսուհետ ևս ուղենիշ լինի նրա հետ առնչված մարդկանց կյանքում։

Գրեթե բոլոր ելույթներում տարբեր ձևակերպումներով հնչում էր միևնույն միտքը՝ գրքի էջերից սեր է հորդում, սեր, որի կարիքն այսօր այնքան շատ ունենք։ Գրքի խմբագիր Զարմիկ Սարգսյանն ընդգծեց նաև հեղինակի անսահման անկեղծությունը․ «Գրքից գետի պես անկեղծություն է հորդում, չկա և ոչ մի շինծու խոսք։ Այն սերը, որ վարարում է գրքից, թող լցնի բոլորի սրտերը, իսկ այսպիսի գրքեր թող շատ գրվեն, որովհետև մենք սիրո կարիք շատ ունենք»։

Երեկոյի առանձնահատուկ պահերից էին Անդրանիկ Մարդոյանի սիրելի հոգևոր երգերի կատարումներն ու սուրբգրային ընթերցումները։ ՀԱԵ Բաղրամյան 18-ի երգչախմբի կատարմամբ հնչեցին «Սերն վերցուց զիս», «Քրիստոս է ժայռը» և «Միշտ ձոնված քո սուրբ անվանդ» հոգևոր երգերը, իսկ ՀԱԵ հովիվ պատ․ Արկադի Հանիսյանն ընթերցեց պարոն Մարդոյանի սիրելի՝ 1-ին, 23-րդ և 150-րդ սաղմոսները, որոնք արտահայտում են Աստծո Խոսքով առաջնորդվող կյանքի երանությունը, Տիրոջ հանդեպ վստահությունն ու Նրան փառաբանելու բերկրանքը։

Շնորհանդեսի ընթացքում հնչեցին նաև ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի և Մարդոյան ընտանիքի վաղեմի բարեկամ, Կանադայի հայ համայնքի ազգային, մշակութային ու կրթական գործիչ, նկարիչ և քանդակագործ Հակոբ Ջամբազյանի տեսաուղերձները։

Անդրանիկ Մարդոյանի հիշատակին երաժշտական յուրահատուկ հարգանքի տուրք մատուցեց նրա ընկեր Վասիլի Ռոլիչը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժիշտը՝ կատարելով Մարդոյանի սիրելի ստեղծագործություններից մեկը՝ Կոմիտասի «Գարուն ա»-ն։

Եզրափակիչ խոսքում գրքի հեղինակ Մելանյա Գեղամյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր իր կողքին են եղել ու աջակցել։ Նա հատկապես նշեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանն ու ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանին՝ գրքի հրատարակման գործընթացը նախաձեռնելու և կազմակերպելու համար։ Հեղինակը շնորհակալություն հայտնեց նաև այն թիմին, որի համատեղ և նվիրումով կատարված աշխատանքի շնորհիվ գիրքը լույս էր տեսել, իսկ շնորհանդեսը՝ իրականություն դարձել։

Միջոցառումն ավարտվեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանի աղոթքով։

«Հիշողության գույները» գրքի շնորհանդեսը ոչ միայն Անդրանիկ Մարդոյանի հիշատակը մեծարելու, այլև Աստծուն նրա ապրած կյանքի համար շնորհակալություն հայտնելու առիթ էր։ Իսկ Մելանյա Գեղամյանի հեղինակած գիրքը, ծնված լինելով անձնական սիրուց ու կարոտից, իր ընթերցողներին փոխանցում է համամարդկային արժեքներ՝ հիշեցնելով, թե որքան կարևոր է սիրել, գնահատել ու արժևորել միմյանց, և որքան հարուստ ու գունեղ կարող է լինել սիրով ապրած կյանքի ժառանգությունը։

Նախորդ
...
X