.
Երիտասարդական ճամբար «Առ(Ց)անց սահման»

Երկիր մոլորակում հայտնվելու պահից սկսած մենք բախվում ենք տարատեսակ սահմանների, ստեղծում կամ որդեգրում մերը. մտահորիզոնի սահման, խոսքի ընկալման սահման, սիրելու ու ներելու սահման։ Սահմաններից դուրս մենք կորցնում ենք մեզ, մեր ԵՍ-ը շփոթության ու անորոշության մեջ է հայտնվում։

Սակայն հենց այնտեղ, որտեղ ավարտվում են մեր սահմանները, սկսվում է Աստծո անսահմանությունը։ Հենց այնտեղ` մտքում տարիների փորձառությամբ կառուցած այդ պատից այն կողմ, բացվում է մարդկային մտքի խորանարդներից դուրս ընկած մի նոր, անընկալելի ու բացահայտումներով լի տեսարան։ 

2020 թվականը սահմանափակեց մեր միտքը հուսահատության, անելանելիության և պարապուրդի մարդածին պատերով, սակայն մեկ միտք, մեկ աղոթք, մեկ քայլ միավորվելով քանդեցին ամեն սահման։ 

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու երիտասարդաց օնլայն ճամբարի առաջին հերթափոխի մեկնարկը տրվեց հուլիսի 24-ից մինչև հուլիսի 26, մի քանի օր դադարից հետո մեկնարկեց երկրորդ հերթափոխը հուլիսի 31֊ից մինչև օգոստոսի 2։ 

6 օր, 18 ժամ, ավելի քան 150 երիտասարդներ քանդեցին ճամբարի մասին պատկերացման սահմանները և անսահմանի փնտրտուքով մուտք գործեցին ZOOM հարթակ։ Ճամբարը եկավ տուն, տեղավորվեց հյուրասենյակում, զարգացրեց մեր պատկերացումները։ Մկնիկի մեկ հարված և դահլիճում փառաբանում էինք Աստծուն, խաղերի դաշտում պայքարում էինք, ճաշարանում առանց 《չեմ սիրում》-ների ուտում էինք սառնարանում ունեցածը։ 

Վերջ. համակարգիչը փակեցինք, կարծես թե ոչինչ չի փոխվել, տան լուսավորումը նույնն է, բազմոցը իր հին դիրքում է, սակայն նայում ես ներս ու տեսնում` անսահմանին ընկալելու սրտիդ սենյակների ձևն է փոխվել։ 

2020-ում այլևս պատեր չկան, հիմա Նրա անսահման սիրո, գթառատության, ողորմածության անսահմանությանը մոտենալու ժամանակն է։

Թեհմինե Առաքելյան
​ՀԱԵ երիտասարդական առցանց ճամբարի աշխատանքային թիմի անդամ

Նախորդ
...
X