.
«Մայր եվ դուստր» մեկօրյա համագումար Արցախի ՀԱԵ-ում

Այս օրերին, երբ աշխարհը գրեթե ամբողջությամբ անցել է առցանց հանդիպումներին, իսկ մարդկային պարզ շփումը դարձել է ավելի գնահատելի ու բաղձալի, բացառիկ ու հիշարժան էր Արցախում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կազմակերպած մեկօրյա համագումարը։  Օգոստոսի 1-ին Ստեփանակերտի և Շուշիի ՀԱԵ կանայք, իսկ ավելի հստակ` մայրերն ու նրանց տարբեր տարիքի դուստրերն ավելի քան 10 ժամ վայելեցին մաքուր օդը, Աստծո ներկայությունն ու իրար հետ հաղորդակցությունը, իրար բացահայտելու և, ինչու չէ, նաև ծառայելու հնարավորություն ունեցան։ 

Հանդիպման նպատակը ոչ միայն երկու քաղաքների կանանց մտերմացնելն ու Աստծո խոսքի շուրջ համախմբելն էր, այլև ծնողավարության ու զավակ լինելու աստվածահաճո չափանիշների սերմանումն էր։ 
Համագումարի օրակարգը հարուստ էր խաղերով, ձեռային աշխատանքով ու ժամանցային այլ հետաքրքիր նախաձեռնություններով, որոնք մտերմացրին ոչ միայն կանանց, այլև մայրերին իրենց դուստրերի հետ։ Ժամանակի մեծ մասը, իհարկե, հատկացվել էր Սուրբ Գրքի սերտողությանն ու խմբային քննարկումներին։ 

Համագումարի 55 մասնակիցները բաժանվեցին 3 խմբի․ մինչև 5 տարեկան երեխաների համար առանձին ժամանցային և ուսուցողական ծրագիր էր նախատեսվել։ Ավելի մեծ աղջիկները, Ստեփանակերտի կանանց խմբի պատասխանատու Հռիփսիմե Մնացակյանի առաջնորդությամբ, սերտեցին Առակաց 12․1, 13․1 համարները, անդրադարձան հաղորդակցման համար անհրաժեշտ սկզբունքներին, խոսեցին մտքի ձևավորման աղբյուրների ու դրանց կարևորության մասին։

Միևնույն ժամանակ մայրերը, Շուշիի ՀԱԵ կանանց խմբի պատասխանատու Գայանե Եղիազարյանի առաջնորդությամբ, սերտեցին Առակաց 10․19, 13․24 համարները, անդրադարձան ծնող-երեխա հարաբերություններում հանդիպող խնդիրներին ու դրանց լուծման աստվածահաճո ուղիներին։ Սերտեցին նաև Աստվածաշնչում հիշվող մի քանի մայրերի օրինակներ, որոնք տարբեր իրավիճակներում ընտրեցին իրենց զավակների հետ հաղորդակցվելու տարբեր կերպեր (2Տիմ. 1․3-7, Մաթ. 14․3-12, Ծննդ. 27․6-13, 41-46, Հովհ. 2․1)։ Իսկ դուստրերը, անդրադառնալով  նույն հատվածներին, քննարկեցին զավակների վերաբերմունքն ու փորձեցին զուգահեռներ գտնել իրենց վարքագծում։ 

Համագումարն ավարտվեց քննարկվող թեմաների ամփոփումով ու աղոթքով։ Սերմերը, որ ՀԱԵ Արցախի ծառայողները ցանեցին այս համագումարի ընթացքում, աղոթքով հանձնվեցին այդ սերմերն աճեցնողին՝ Աստծուն։

Նախորդ
...
X