.
ՀԱԵ-ն ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

«Միայն հետպատերազմյան իրականության մեջ հասկացանք, որ մեզ հյուրասիրած փիփերթով ու դդումով տաք ապուրը երբևէ կերած ամենահամեղն էր», - պատմում է Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը, ով, գտնվելով հետպատերազմյան Արցախում, նշում է՝ մարդիկ Ստեփանակերտում շարունակում են պատրաստել և հյուրասիրել, ասել է, թե շարունակում են ապրել ու արարել։

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) 8 ծառայակիցներ նոյեմբերի 15-ին մեկնեցին Արցախ՝ Ստեփանակերտ, հայրենիքին և համայնքակիցներին իրենց ներկայությամբ սատարելու, ինչպես նաև  հրետակոծությունից մասնակի տուժած եկեղեցաշենքի, ԱՀԱԸ կենտրոնի և մանկապարտեզի վերականգնման աշխատանքներն սկսելու նպատակով։

Եկեղեցաշենքի տանիքը վնասված է, ապակիները՝ փշրված, պատերը ծածկված են ցանցային խորշերով: Դրանք կարճ ժամանակահատվածում կվերանորոգվեն, սա իմանալով՝ հովիվները շենք մտնելուն պես աղոթք բարձրացրին առ Աստված ոչ թե նյութական կարիքների, այլ մարդկանց սրտի խոցված պատերի ամրանալու ու հավատքի մեջ բարձրանալու համար։ ՀԱԵ հովիվներն իրականացրին հետպատերազմյան առաջին ամփոփ պաշտամունքը 8 ծառայակիցների հետ։

«Հինգշաբթի առավոտն արևածագի հետ միասին նոր լույսով և հույսով լցրեց մեր սրտերը։ Այսօր էլ խաղաղ գիշեր ունեցանք։ Հակառակ ամպամածության և մշուշի՝ սեղանի շուրջ համախմբված մեր թիմով ծրագրեցինք մեր անելիքները։ Նախ զանգեցինք այն անձանց ու ընտանիքներին, որ վստահ գիտենք՝ հասել են Ստեփանակերտ։ Չեմ կարող փոխանցել այն ուրախությունը և հուզմունքը, որ լսում էի հեռախոսի լսափողից։ Մարդիկ իսկույն արձագանքելով՝ համաձայնեցին գալ, ու թողնելով իրենց տունը, ընտանիքը, հոգսերը՝ լծվել ՀԱԵ եկեղեցու և ԱՀԱԸ գրասենյակի մաքրման աշխատանքներին։ Ճիշտ ժամանակին բոլորը հավաքվեցին, ու միասին գործի անցանք։ Կարճ ժամանակում լվացինք հատակը, մաքրեցինք փոշիներն ու բակը»,- պատմում է ՀԱԵ հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը:

Մարդկանց նեցուկ կանգնելու համար ՀԱԵ և ԱՀԱԸ ծառայակիցներն այս օրերին նաև շրջում են Արցախի մայրաքաղաքով, այցելում համայնքի անդամներին՝ տանելով նրանց հույս, քաջալերանք և հավատքի վրա ավելի կանգնուն մնալու հորդորներ, ինչպես նաև ճշտում են նյութական կարիքները՝ մոտ օրերին օգնության հասնելու մտադրությամբ։

Այցելությունների ընթացքում պատերազմյան օրերից կյանքի բեկումնային պատմություններ լսելով և այս ամենում Աստծո գործը տեսնելով՝ վեր. Հովհաննես Հովսեփյանը պատմում է, որ համայնքի ծառայակից անդամներից մեկի տունը վնասվել է՝ մնալով առանց պատուհանների, դռների, և չնայած այս ծանր կացությանը՝ տան անդամներն իրենց «քանդված տանիքի» տակ են հյուրընկալել Ավետարանական եկեղեցում ծառայություն բերող և այսօր անօթևան մնացած մեկ այլ ընտանիքի․ 
«Սա է հավատքի կյանքը, սա է փլատակների մեջ հավատքը գործնականում ապրելու կարողությունը։ Որոշեցինք, որ այս ընտանիքին ՀԱԵ և ԱՀԱԸ ուժերով պետք է հնարավորության սահմանում օգնենք՝ առաջնային կերպով փոխելով պատուհաններն ու դռները»։

Այցելությունները շարունակելով՝ նոյեմբերի 19-ին ՀԱԵ հովիվները, ԱՀԱԸ ներկայացուցիչների հետ միասին, հանդիպում ունեցան Արցախի՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ, որի ընթացքում քննարկելով ներկա իրավիճակը՝ հայտնեցին իրենց զորակցությունը։ Վերջինս հաղորդեց՝ մոտ օրերին կտեղեկացնի, թե ինչ կերպ կարող է հայրենիքին սատար կանգնել ՀԱԵ-ն և ԱՀԱԸ-ն։

«Հաճելիորեն զարմացա, երբ հանդիպման ընթացքում պրն․ Բեգլարյանը հիշատակեց՝ մեր շահառուներից է եղել, մինչև 2002 թվականը մեր ճամբարների, ծրագրերի շրջանակներում աջակցություն է ստացել։ Ասաց, որ տեղյակ է իրականացվող ծրագրերի մասին, շատ քաջալերեց և ողջունեց մեր այցելությունը։ Հանդիպման վերջում աղոթեցինք իր համար»,- պատմում է վեր․ Հովհաննես Հովսեփյանը։ 

Չնայած քաղաքի և մարդկային սրտի հետ տարվող վերականգնողական աշխատանքներին, այնուամենայնիվ, մթնոլորտը ծանր է։ Ամեն տեսակ փորձության միջով անցած և «ոսկի» դառնալու ճանապարհին կանգնած մայրաքաղաքը լուռ հետևում է այս անցուդարձին՝ մառախլապատ ցավն արտահայտելով և մրմնջալով Աստծուն իր օգնության կոչը հանուն իր զավակների։ Զավակները կոտրված են, քանի որ կորցրել են իրենց արմատները պահող հողը, սակայն Արցախում գտնվող ՀԱԵ հովիվների խոսքով՝  իրենք փորձում են մարդկանց հայացքն ուղղել դեպի Աստված և հորդորում հուսալ Նրան։

Սա մեկտեղ անելու նպատակով կիրակի օրը՝  նոյեմբերի 22-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցաշենքում կիրականացվի հետպատերազմյան առաջին միասնական պաշտանմունքը՝ միաբանվելով Աստծո խոսքի շուրջ, մխիթարության աղոթք բարձրացնելով և երկրպագությամբ մոտենալով Սբ․ Հաղորդության սեղանին։

Թեհմինե Առաքելյան

 

Նախորդ
...
X