.
Հայաստան-ԱՄՆ աղոթքի առցանց կամուրջ

Նոյեմբերի 23-ին, երբ Հայաստանում օրն ավարտվում էր, իսկ ԱՄՆ-ում նոր էր սկսվում, օվկիանոսի երկու կողմերում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) հովիվները, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) ներկայացուցիչներն ու այլ ծառայողներ մեկ ժամ միաբանվեցին աղոթքի առցանց կամրջով՝ ZOOM հարթակում։ Թեման Արցախյան պատերազմը, հետևանքներն ու հոգևոր ծառայությունն էր։ Միասնական առցանց աղոթքի նախաձեռնությանը մասնակից էին 49 հոգի․ ՀԱԵ 30 հովիվ Հայաստանից, 14-ը՝ ԱՄՆ-ից, ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, ԱՀԱԸ հոգաբարձության անդամ Հեթեր Օհաննիսյանը, ով նաև աղոթքի պատասխանատուն էր, ինչպես նաև ԱՄՆ ՀԱԵ կանանց խմբերի երկու ծառայակիցներ՝ Ալինան և Նոելլը։

Առցանց հանդիպումը մեկնարկեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր․ Մկրտիչ Մելքոնյանի բարի գալուստի խոսքով, որից հետո վերապատվելին որպես նախաբան ներկայացրեց հետպատերազմական իրավիճակն Արցախում։ ԱՄՆ-ի Յութայի ՀԱԵ հոգևոր հովիվ պատ․ Գևորգ Պարոնյանի աղոթքով մեկնարկեց հանդիպման հոգևոր հատվածը, որին հաջորդեց Սուրբ Գրքից խորհրդածությունը՝ ԱՄՆ Փարամուզի ՀԱԵ հոգևոր հովիվ վեր․ Ջո Կարապետյանի մատուցմամբ։ Վերպատվելին խոսեց Հովհաննես 11․35-42 համարների շուրջ և նկատեց՝ ինչպես Հիսուսը Ղազարոսի համար սգաց, լացեց ու մահվանից դեպի կյանք կանչեց, այդպես էլ մեր Տերն այսօր հայ ժողովրդի հետ է սգում, լացում, բայց, միևնույն ժամանակ, մահվանից դեպի կյանք է կանչում։ 

Հոգևոր խորհրդածությանը հաջորդեց ԱՄՆ Բոստոնի ՀԱԵ հոգևոր հովիվ վեր․ դոկ․ Ավետիս Բոյներյանի աղոթքը։ 

ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ, պատ․ Արամ Բաբաջանյանը համառոտ խոսեց պատերազմի պատճառների, պայմանների ու հետևանքների մասին։ Այնուհետև, երկու վերապատվելիները՝ Հովհաննես Հովսեփյանն ու Ավետիք Խաչատրյանը, ովքեր նոր էին վերադարձել Արցախից, պատմեցին հետպատերազմյան իրականության մասին՝ ականատեսի վկայությամբ։ Վերապատվելիները խոսեցին Ստեփանակերտում իրականացրած ծառայությունների, պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների, խնդիրների ու մարտահրավերների մասին։ 

Լսելով այդ վկայությունները` պատվելի Գևորգ Պարոնյանը նշեց․ «Ես իրենց կողքն ինձ պստիկ զգացի, ինչերի՜ միջով են անցնում», իսկ ՀԱԵ Լոս Անջելեսի հոգևոր հովիվ պատ․ Հարութ Խաչատրյանն ավելացրեց․ «Բառ չեմ գտնում, որպեսզի արտահայտեմ զգացմունքներս․․․»։ Զավեն Խանջյանն իր հերթին քաջալերեց Հայաստանի հովիվներին, որպեսզի առաջ նայեն ու շարժվեն։ 

Հանդիպումը շարունակվեց Գլենդելի ՀԱԵ հոգևոր հովիվ վեր․ Հրագ Կարագյոզյանի, Լոս Անջելեսի հոգևոր հովիվ պատ․ Հարութ Խաչատրյանի և ԱՄՆ ՀԱԵ միության հոգևոր հովիվ վեր․ Պերճ Ճամպազյանի աղոթքներով։ 

Առցանց աղոթքի հանդիպման ավարտին ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր․ Մկրտիչ Մելքոնյանն առաջարկեց, որպեսզի ԱՄՆ-ի ՀԱԵ-ները քույր եկեղեցիներ ընտրեն Հայաստանում, և հոգ տանեն միմյանց համար։ Վերապատվելին ներկայացրեց նաև այն հովիվներին, ովքեր այսօր պետք է մեկնեն Արցախ, մեկ շաբաթ ծառայության համար, և խնդրեց, որպեսզի աղոթքով հայտնեն զորակցություն Վեր․ Գևորգ Գասպարյանին ու պատ․ Սուրեն Մակարյանին։ Հանդիպումն ավարտվեց աղոթքով։

Նախորդ
...
X