.
ՀԱԵ հովիվների հերթական այցն Արցախ

Նոյեմբերի 24-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 2 հովիվներ՝ վեր․ Գևորգ Գասպարյանը և պատ․ Սուրեն Մակարյանը,  մեկնեցին Ստեփանակերտ՝ եկեղեցու ծառայությունների բնականոն ընթացքը շարունակելու նպատակով։

«Արցախում օր օրի կարգավորվում է կյանքը, աշխատում է հասարակական տրանսպորտը, բացվում են խանութները, ժամանում են տեղահանվածները»,- ներկա իրավիճակի մասին ընդհանուր պատկերացում են տալիս հովիվները՝ նշելով, որ եկեղեցու ծառայողական անձնակազմից ևս վերադարձողներ կան։

Հայաստանից Արցախ ժամանած հովիվները և Արցախի ՀԱԵ հոգաբարձության անդամ Գայանե Եղիազարյանն Ավետարանական եկեղեցու անդամներին տեսակցելու ընթացքում այցելել են ծերանոց, որտեղ Շուշիից փախստականներ են եղել, այնուհետև երեք ընտանիքի հետ հանդիպելով՝ նյութական աջակցություն են տրամադրել։ 

Նոյեմբերի 26-ին եկեղեցաշենքում անցկացվել է երիտասարդաց պաշտամունք, որին ներկա են եղել 20 երիտասարդ, ընդ որում՝ երկուսն Ասկերանից էին եկել։ Մոտ օրերս հոգաբարձուների ժողով կգումարվի, որի արդյունքում կհստակեցվեն եկեղեցու ծրագրային քայլերը, տեսլականը և կվերսկսվեն բոլոր ծառայությունները։

Կիրակի օրը վեր․ Գևորգ Գասպարյանի և պատ․ Սուրեն Մակարյանի առաջնորդությամբ իրականացվել է պաշտամունք Սբ․ Հաղորդությամբ՝ առ Աստված բարձրացնելով փառաբանություն, երկրպագություն և հայրենիքի վերակառուցման խնդրանք։ 

Հովիվները նշեցին՝ աղոթքներով և Աստծո հովանավորության ներքո պետք է վերականգնվի ինչպես հետպատերազմյան Արցախը, այնպես էլ այդտեղ իր մեծ ավանդն ունեցող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին։

Թեհմինե Առաքելյան

Նախորդ
...
X