Վեր. Տիգրան Անդրեասյանը ծնվել է 1888թ. -ին Սվեդիայի (Մուսա Լեռ) Յողունոլուք գյուղում:
1902թ. -ին նրան ուղարկում են Այնթապ՝ Կենտրոնական Թուրքիայի քոլեջ:
1906-1907 թթ. մեկ տարի ուսուցչություն է անում էքյիզ Օլուգում՝ Քյորքյունեի նախակրթարանում: Կիրակի առավոտները վարժարանի բեմից երկու գյուղերի համար պաշտամունք էր վարում:
1907-1908թթ. սովորում է Սոֆոմորի դասարանում:
1908-1909թթ. պաշտոնավարում է Ֆարթըսլում (գյուղ Կիլիկիայում)՝ որպես ուսուցիչ-քարոզիչ:
Երբ սկսվում են կիլիկյան ջարդերը, ողջ գյուղն Աստծո կամքով մազապուրծ ազատվում է հստակ ոչնչացումից: 1911թ. -ին Տիգրան Անդրեասյանն ավարտում է Կենտրոնական Թուրքիայի քոլեջը: Բեյլիում հոգեւոր գործով զբաղվելուց հետո նույն տարվա աշնանը Անդրեասյանն ընդունվում է Մարաշի Աստվածաբանական ճեմարան, որն ավարտում է 1914թ. -ին: Նույն թվականին օրիորդ Արաքսի Մնջերյանի հետ ամուսնանալուց հետո ստանձնում է Զեյթունի Ավետարանական եկեղեցու հովվությունը:
1919թ. -ին վերադառնում է Սվեդիա, որտեղ երկու տարի հովվություն է անում Յողունոլիքի եւ Բիթիասի Ավետարանական եկեղեցիներում, իսկ հաջորդ երեք տարիներին, որպես հովիվ, ծառայում է միայն Բիթիասի եկեղեցում:
1924թ. -ին ստանձնում է Քեսապի Ավետարանական եկեղեցու հովվությունը: Նույն թվականին ձեռնադրվում է Հալեպում:
1927թ. -ին կորցնում է կնոջը, մեկ տարի հետո ամուսնանում է օրիորդ Զարուհի Տետեյանի հետ:
1929թ. -ին նրա պաշտոնը Քեսապից կրկին տեղափոխվում է Բիթիաս, իսկ դրանից վեց տարի անց՝ Բիթիասից Քեսապ: Երեք տարի անց տեղափոխվում է Լաթաքիա, որտեղ չորս տարի հովվություն է անում ավետարանական փոքրաթիվ համայնքին: 1942թ. -ի նոյեմբերի 18-ին ստանձնում է Հալեպի Տավուտիե թաղի նորաշեն եկեղեցու հովվությունը:
1949թ. -ից սկսած՝ եղել է Հալեպի Բեթել Հայ Ավետարանական եկեղեցու հովիվը:
Հավատի մարտիկը
Վերապատվելի Տիգրան Անդրեասյանը Մուսա Լեռ է բարձրանում ժողովրդի հետ միասին, որտեղ ղեկավարում է Վարչական կենտրոնական մարմինը: Մեկուկես ամիս կռիվ մղելուց հետո ֆրանսիական մարտանավերով տեղափոխվում են Եգիպտոս՝ Պորտ Սաիդ:
Լեռ բարձրանալուց մի քանի օր հետո կազմվում է մի քանի հոգուց բաղկացած կենտրոնական գերագույն խորհուրդ: Այդ մարմինը լեռան վրա բարձրագույն հեղինակություն ուներ: Վերապատվելի Տիգրան Անդրեասյանն ընտրվել էր այդ մարմնի նախագահ:
Վեր. Անդրեասյանի գրությունն այն նավապետին, որի նավը կմոտենար ափին:
«Պարո՛ն, դիմում ենք Քեզ հանուն Աստծո եւ մարդկային եղբայրության, դիմում ենք հանուն Քրիստոսի, հանուն քաղաքակրթության, ընդդեմ քաղաքակրթության այս ոսոխին եւ խնդրում, որ ազատե՛ք մեր կյանքն ու պատիվը: Համաձայնե՛ք, պարո՛ն, փոխադրել մեզ Կիպրոս կամ ուրիշ ազատ երկիր: Եթե դա հնարավոր չէ, խնդրում ենք փոխադրել գոնե մեր կանանց, ծերերին ու մանուկներին:
Զինե՛ք մեզ, ու պատրաստ ենք կողք կողքի կռվելու ձեզ հետ թուրքական ուժերի դեմ:
Խնդրում ենք, պարո՛ն, մի՛ թողեք, որ սովամահ լինենք:
Մի՛ թողեք, որ ոչնչանանք, ազատե՛ք մեր կյանքն ու պատիվը, քանի դեռ շատ ուշ չէ:
Դիմադրության վայրից՝ բոլոր քրիստոնյաների անունից՝ Տիգրան Անդրեասյան»: