.
Հայկական սփյուռքի միակ ԲՈՒՀ-ը՝ Բեյրութի Հայկազյան համալսարան

Սփյուռքահայ կրթական կառույցների շարքում ուրույն տեղ ունի հայկական Սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը:

Սփյուռքի ձևավորումից հետո Հայ Ավետարանական եկեղեցու առջև ծառացած խնդիրներից էր արտասահմանի հայկական համայնքներում կրթական գործի կազմակերպումը: Հայ ավետարանական ուսումնական հաստատություններն ունեցել են կարևոր դերակատարություն սփյուռքահայության կրթության ասպարեզում, ինչը լավագույնս արտացոլվում է Հայկազյան համալսարանի գործունեությունում:

Բեյրութի Հայկազյան համալսարանը հիմնադրվել է 1955թ., որպես քոլեջ, անգլերեն ուսուցմամբ: Այն իր անունը ստացել է ի պատիվ Կոնիայի ճեմարանի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի:

Հիմնադրվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) և Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության (ՄԱՀԱԵՄ) կողմից: Համալսարանը կառավարվում է խորհրդի միջոցով, որի երկու երրորդը ներկայացված է ԱՀԱԸ-ի, մեկ երրորդը՝ ՄԱՀԱԵՄ-ի կողմից: Սկզբնական շրջանում կրթօջախը կոչվում էր քոլեջ: Հաշվի առնելով կրթության որակի ապահովումը` 1966թ. մարտի 25-ին Լիբանանի կրթության նախարարությունը Հայկազյան քոլեջը ճանաչեց որպես բարձրագույն ուսումնական հաստատություն: Քոլեջի շնորհած արվեստի և գիտության բակալավրի աստիճանը հավասարեցվեց Լիբանանի համալսարանի շնորհած աստիճանին: Արդեն 1996թ. Հայկազյան քոլեջն իրավունք ստացավ իրականացնել մագիստրոսական կրթական ծրագրեր և կոչվել Հայկազյան համալսարան1:

1955-1989թթ. Հայկազյան կրթական հաստատությունը եղել է քոլեջ, 1990-1996թթ.՝ համալսարանական քոլեջ, իսկ 1996-ից՝ համալսարան: Չնայած ուսումնառությունն իրականացվում է անգլերենով, հայկական և արաբական մշակույթներին վերաբերող առարկաները դասավանդվում են համապատասխանաբար հայերենով և արաբերենով: Համալսարանում ուսանում են Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բազմաթիվ հայ և օտարազգի ուսանողներ: Առաջին տարում ուսանողների թիվը կազմում էր 43, 1975-1976թթ.՝ 650, 2003թ.՝ 534 հոգի: Համալսարանի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել բարձրորակ ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով: 1996թ. հաստատվեցին նաև մագիստրոսի կոչում շնորհող դասընթացներ մանկավարժության, հոգեբանության և առևտրական վարչագիտության ուղղություններով: Հայկազյան համալսարանն ունի հայագիտական ամբիոն, որի գործունեությունն ապահովելու գործում մեծ է վեր. Տիգրան Խրլոպյանի, Տիգրան Գույումջյանի, Վահե Օշականի, Երվանդ Քասունու, Լևոն Վարդանի և ուրիշների ավանդը: Ներկայում համալսարան հաճախող բոլոր հայազգի ուսանողները՝ անկախ իրենց ընտրած մասնագիտությունից, պարտավոր են ուսման ընթացքում հետևել հայագիտական առնվազն երկու առարկաների: Հայկազյան համալսարանն ունի առանձին հայագիտական գրադարան, որն ամեն տարի հարստացվում է Հայաստանից և այլ երկրներից ձեռք բերված հայերեն և օտարալեզու հրատարակություններով: 1970 թվականից համալսարանը հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը», անգլերենով՝ «Հայկազյան հերալդ» ուսանողական պարբերաթերթն ու «Ֆոկուս» ուսանողական տարեգիրքը2: Բացի վերոհիշյալ պարբերականներից, համալսարանի կայքում սկսել են տեղադրվել Հայկազյան համալսարանի պարբերականները՝ INSPIRIT - The Haigazian University Newsletter և HUBS Business Review3: Համալսարանում գործում են մի շարք ուսանողական ակումբներ և ընկերություններ:

Հայկազյան համալսարանի պարբերականներից ամենանշանավորը, անշուշտ, «Հայկազեան հայագիտական հանդէսն» է որի հրատարակումը Հայկազյան քոլեջի Հայագիտական ամբիոնի կողմից մեկնարկեց 1970թ.: Այդ մասին «Հայկազեան հայագիտական հանդէս»-ի առաջին համարի խմբագրականում ասվում է. «Ձեռնարկելով ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍի հրատարակութեան, Հայկազեան Գոլէճի Հայագիտական Ամբիոնը քայլ մը եւս առած կ՛ըլլայ իր առաքելութեան ճամբուն վրայ: Կը հավատանք նման հանդէսի մը գոյութեան անհրաժեշտութեան եւ իրաւունքին: Ինչպէս կը հաւատանք նաեւ որ կարելի է զայն ժամադրաւայրը դարձնել հայագիտութեան տարբեր բնագաւառներով պարապող մեր մտաւորականներուն: ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍի հրատարակութիւնը վստահօրէն առաւել եւս պիտի հրահրէ հայագիտութեան հանդէպ վերջերս ցոյց տրուած հետաքրքրութիւնն ու խանդավառութիւնը, ինչպէս և պիտի խթանէ ոմանք՝ ձեռնարկելու նոր պրպտումներու եւ հետազոտութեանց, իրենց մասնագիտութեան գծով: Արտասահմանի մէջ ուժերը չէ որ կը պակսին, ոչ ալ միջոցները: Անկասկած որ նաեւ կը ցանկանք հայրենի մտաւորականներու գործակցութիւնը: ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ-ի էջերը բաց կը մնան բոլոր անոնց համար, որոնք գիտեն գիտական հիմքերու վրայ նետուած եւ առարկայօրէն ներկայացուած խօսքին արժէքը»4:

Հայկազյան համալսարանի նախագահներն են եղել Ջոն Մարգարյանը (1955-1966, 1971-1982), Ջիլբերտ Բիլեզիկյանը (1968-1971), Վեռն Ֆլետչերը (1982-1985), Ժան Խանճյանը (1995-2002) և Փոլ Հայդոսթյանը (2002 թվականից առայսօր): 1966-1968թթ. նախագահի պաշտոնակատարն է եղել Ջոզեֆ Սփրեդլին, իսկ 1985-1995թթ. համալսարանը ղեկավարել է Վիլմա Չոլաքյանը5: Հայկազյան համալսարանի կայացման և ընդհանրապես լիբանանահայ կրթական կյանքում մեծ է վերապատվելի Տիգրան Խրլոպյանի դերը, որը եղել է Հայկազյան համալսարանի Հայագիտական ամբիոնի առաջին վարիչը:

Համալսարանի շրջանավարտները ստանում են բակալավրի և մագիստրոսի աստիճաններ, որոնք ճանաչված են Լիբանանի կառավարության և ամերիկյան քոլեջների ու համալսարանների միջազգային ընկերակցության կողմից:
Հայկազյան համալսարանն ունի ուսուցման երկու ուղղություններ (դպրոցներ)՝ 1. արվեստների և գիտության, 2. բիզնեսի կառավարման և տնտեսագիտության: Արվեստների և գիտության դպրոցն ընդգրկում է երեք ֆակուլտետներ՝ գիտությունների ֆակուլտետ (բնական գիտություններ, բժշկագիտական լաբորատորիա, քիմիա, կենսաբանություն) և մաթեմատիկական գիտություններ (ֆիզիկա, համակարգչային գիտություններ, մաթեմատիկա): Մյուսը հասարակական գիտությունների ֆակուլտետն է, որտեղ ներառվում են սոցիոլոգիան, հոգեբանությունը, հասարակական աշխատանքը, քաղաքագիտությունը և կրթությունը: Հոգեբանության և կրթության բնագավառներում տրվում են արվեստի մագիստրոսի, ինչպես նաև բակալավրի կոչումներ: Իսկ հումանիտար գիտությունների ֆակուլտետն ընդգրկում է արաբերենի և հայերենի ուսումնասիրություններ, անգլերեն, անգլիական գրականություն, պատմություն, երաժշտություն, փիլիսոփայություն, կրոն, արվեստ և միջմշակութային ուսումնասիրման ծրագիր: Կարևոր նշանակություն ունի նաև բիզնեսի կառավարման և տնտեսագիտության ֆակուլտետը՝ որպես բիզնեսի կրթության և ուսումնասիրության կենտրոն: Ֆակուլտետի առաջարկած բոլոր ծրագրերը լիազորված են Լիբանանի կրթության նախարարության կողմից: Ներկայում ֆակուլտետը շնորհում է արվեստի և բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան՝ շեշտը դնելով հաշվապահության, տուրիզմի և ինֆորմացիոն համակարգի կառավարման, ֆինանսների, գովազդի և հաղորդակցության վրա6:
Համալսարանը կարևորում է նաև ուսանողների հոգևոր զարգացումը, այստեղ գոյություն ունի առանձին հոգևոր տեսչի պաշտոն: Բացի հոգևոր ոլորտից, առաջնային նշանակություն ունի համալսարանի հայկականության պահպանման խնդիրը: Համալսարանի այդ կողմնորոշումը դրսևորվում է հայոց լեզվի բաժանմունքում, որը տալիս է այս ոլորտի կրթական աստիճան և կոչված է ապահովելու հայ գրականության, պատմության, քաղաքագիտական խնդիրների և մշակույթի ակադեմիական հիմնարար գիտելիքների մատուցում: Ծրագիրն ուսանողներին պատրաստում է ուսուցչության, համայնքային ծառայության և նպաստում ավարտական ուսումնասիրություններ կատարելու գործին: Բաժանմունքը պատասխանատու է նաև ընդհանուր կրթության հայկական մասի համար: Այն օգնում է հայկական գրադարանին, հրատարակում է հայերեն ուսումնասիրություններ, կազմակերպում հանրային դասախոսություններ և մշակութային միջոցառումներ:

Համալսարանի կրթական ծրագրերում կարևորվում են նաև Լիբանանի պատմության, գրականության, քաղաքական խնդիրներին առնչվող դասընթացները: Դասախոսները և ուսանողական կազմակերպությունները նախաձեռնում են ճանաչողական այցեր դեպի պատմական տեսարժան վայրեր:

2005թ. նշվեց Հայկազյան համալսարանի հիմնադրման 50-ամյակը: Համալսարանի դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ արարողությանը ներկա էին Լիբանանի կառավարության անդամներ, Լիբանանի նախագահի ներկայացուցիչը, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին, վարչապետի և կրթության նախարարության ներկայացուցիչները, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ եպս. Խաչերյանը, Հայ Կաթողիկե պատրիարքության ընդհանուր փոխանորդ Վարդան եպս. Աշգարյանը, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Մկրտիչ Գարագյոզյանը, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու նախագահ Ռընե Լևոնյանը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Էնդի Թորիգյանը և ուրիշներ: Ներկա էին պատվիրակություններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իրանից, Կիպրոսից, Սիրիայից: Հանդիսության պատվավոր հյուրն էր ՀՀ արտաքին գործերի այն ժամանակվա նախարար Վարդան Օսկանյանը7:

Կարևոր նշանակություն ունի Հայկազյան համալսարանի ակտիվ համագործակցությունը հայկական այլ կրթական հաստատությունների հետ: Յուրահատուկ նշանակություն ունեն հայաստանյան կառույցների հետ հարաբերությունները: Այս առումով պետք է նշել Հայկազյան համալսարանի համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ: 2009թ. հոկտեմբերի 3-ին Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանի և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի միջև ստորագրվեց գործակցության համաձայնագիր. «Երկու համալսարաններն ընդունելով, որ ակադեմիական և գիտական հետազոտական նպատակների համար գործակցությունը անփոխարինելի ազդակ է երկուստեք զարգացման համար, հանձն են առնում ըստ կարիքի և հնարավորության պայմաններ ստեղծել իրենց աշխատակիցների, մասնագետների, ուսանողների և հրատարակությունների փոխանակության համար»8:

Հայկազյան համալսարանի գործունեության կազմակերպման մեջ կարևոր է ԱՀԱԸ դերակատարությունը: Հատկապես մեծ է նրա նյութական օգնությունը համալսարանին: Համալսարանի հիմնադիրները սկզբից ևեթ ձգտում էին հնարավորություն ստեղծել սփյուռքահայ ուսանողների համար, որոնք ցանկանում էին բարձրագույն կրթություն ստանալ, սակայն չունեին անհրաժեշտ նյութական միջոցներ: Ստեղծված կրթաթոշակային հիմնադրամի շնորհիվ որևէ պատրաստված դիմորդ չի մերժվում ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով9: Այսօր համալսարանի դռները բաց են բոլորի համար՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից:

Անհրաժեշտ է նշել, որ Հայկազյան համալսարանի շրջանավարտներից շատերը կարևոր դերակատարություն են ստանձնում սփյուռքահայ տարբեր կառույցներում: Հատկանշական է, որ համալսարանի շրջանավարտներն ակտիվորեն ներգրավվում են ոչ միայն Լիբանանի, այլև այլ երկրների հայկական համայնքային կառույցներում10:

Համալսարանի զարգացման տեսանկյունից կարևորվում է նաև շենքային, նյութատեխնիկական անհրաժեշտ բազայի ապահովումը: Վերոհիշյալի համատեքստում նշանակալի էր համալսարանի շենքի վերակառուցումը: 2010թ. ապրիլի 29-ին, մեծ հանդիսությամբ, Լիբանանի վարչապետի հովանավորությամբ, տեղի ունեցավ Հայկազյան համալսարանի վերակառուցված շենքի բացման արարողությունը11:

2011թ. դրությամբ Հայկազյան համալսարանի ուսանողների թիվը կազմում է շուրջ 800 հոգի, դասախոսական կազմը գերազանցում է հարյուրը, իսկ համալսարանի անձնակազմը բաղկացած է 55 հոգուց: Մինչ այդ համալսարանի շրջանավարտների թիվը կազմում է ավելի քան 3 հազար հոգի12: Հետաքրքիր է նաև համալսարանում ուսանողների ազգային կազմը: Ինչպես նշվել է, կրթօջախի կողմից չի դրվել ազգային խտրականություն: Այսպես, 2007թ. դրությամբ Հայկազյան համալսարանի ուսանողների 51%-ը հայեր էին, 49-ը՝ օտարազգիներ13:

Հայկազյան համալսարանում իրականացված հետազոտությունների մեջ մշտապես աչքի են ընկել հայկական Սփյուռքի ամենատարբեր հիմնախնդիրներին վերաբերող ուսումնասիրությունները: Այդ աշխատանքներն առավել կազմակերպված և ծավալուն դարձնելու նպատակով 2012թ. սկզբում Հայկազյան համալսարանում հիմնադրվեց հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը:
2012թ. հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի բացումը: Իրադարձության կարևորության մասին է վկայում արարողության մասնակիցների ներկայացուցչական կազմը: Մասնավորապես, ներկա էին Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի համալսարանի նախագահ, նախկին նախարար, դոկտոր Ատնան Սեյիտ Հուսեյնին, խորհրդարանի պատգամավորների, ազգային, կուսակցական, միությունների ներկայացուցիչները և մշակութասեր հանրությունը: Համալսարանի նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայդոսթյանն ընդգծեց հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի հիմնման կարևորությունը և նշեց. «Մշակութային իր բացառիկ աւանդով ու հայկական արմատական ու հոծ ներկայութեամբ յատկանշուող Լիբանան խթան կը հանդիսանայ, Հայկազեան համալսարանը նկատելու բնական վայրը` հայութեան ու անոր միջինարեւելեան սփիւռքի ուսումնասիրութեան»14: Նորաբաց կենտրոնի տնօրենն է դոկտ. Անդրանիկ Տագեսյանը:

Այսպիսով, Բեյրութի Հայկազյան համալսարանը Սփյուռքի ամենանշանակալի կրթական հաստատություններից է: Լինելով Սփյուռքի հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ այն առանձնանում է ինչպես Լիբանանի ու ընդհանրապես սփյուռքահայ համայնքերի կրթական կառույցների, այնպես էլ հայ ավետարանական կրթօջախների մեջ:

Հիմնադրվելով 1955թ. որպես քոլեջ` Հայկազյան հաստատությունն անցել է շուրջ 57 տարվա ճանապարհ: Այդ ընթացքում հանդիպելով մի շարք խոչընդոտների՝ նրան հաջողվել է զարգացում ապրել կառույցի հզորացման համար անհրաժեշտ բոլոր ոլորտներում, ինչի արդյունքում վերջինիս շնորհվել է համալսարանի կարգավիճակ: Որպես բարձրագույն ուսումնական հաստատություն՝ մեծ է համալսարանի դերը Լիբանանի հայկական համայնքի կյանքում, որն արտահայտվում է ինչպես ուսանողներին ժամանակակից անհրաժեշտ գիտելիքների փոխանցմամբ, այնպես էլ նրանով, որ ապահովում է հայոց լեզվին, պատմությանն ու մշակույթին նրանց հաղորդակցությունը: Աշխատելով այլազգիների հետ՝ համալսարանը նաև ներդրում է ունենում օտար միջավայրում հայության և, մասնավորապես, նրա հոգևոր արժեքների ներկայացման գործում:

Կարևոր նշանակություն ունի Հայկազյան համալսարանի և սփյուռքահայ տարբեր կրթօջախների փոխհարաբերությունների զարգացումը, ինչը կարող է նպաստել ոչ միայն տվյալ կրթական հաստատությունների, այլև միջհամայնքային կապերի սերտացմանը: Բնականաբար, դժվար կլինի գերագնահատել համալսարանի ակտիվ համագործակցության հաստատումը հայաստանյան կրթական ու գիտական հաստատությունների հետ: Հայկազյան համալսարանի կուտակած փորձը կարող է օգտակար լինել ինչպես սփյուռքահայ տարբեր համայնքներում կրթական գործի կազմակերպման, այնպես էլ հայաստանյան կրթական համակարգի զարգացաման տեսանկյունից: Չնայած Լիբանանի հայկական համայնքի աստիճանական թուլացմանն ու նվազմանը, Հայկազյան համալսարանն այսօր էլ ունի թե՛ կրթական, թե՛ հետազոտական ուղղություններով զարգացման ներուժ:


1 Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի, Երևան, 2002, N 3, էջ 5:
2 Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 305-306:
3 http://www.haigazian.edu.lb/Publications/Pages/Overview.aspx
4 «Հայկազեան հայագիտական հանդէս», Պէյրութ, 1970, էջ 7:
5 Հայ սփյուռք հանրագիտարան, էջ 306:
6 Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի, 2002, N 3, էջ 6-7:
7 Նույն տեղում, 2005, N 3, էջ 7:
8 Նույն տեղում, 2009, N 4, էջ 18:
9 AMAA News, 2005, N 3, p. 2.
10 Анив, Москва, 2009, N 3 (18), http://aniv.ru/archive/10/livanskie-eskizy134/
11 Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի, 2010, N 2, էջ 9:
12 Նույն տեղում, 2011, N 4, էջ 4:
13 Forum, Glendale, 2007, N 2, p. 30.
14 Տեղի ունեցաւ Հայկական սփիւռքի ուսումնասիրութեան կեդրոնի բացում Լիբանանի մէջ, http://hayernaysor.am/1327564076

Տիգրան Ղանալանյան 
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, 
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 2, 2013
Սկզբնաղբյուր- http://www.noravank.am/

Նախորդ
...
X