.
Մահացել է ՀԱԱԱ նախկին դասախոս Մարիամ Պողոսյանը

Հայաստանյայաց Ավետարանական Եկեղեցին խոր ցավով տեղեկացնում է, որ հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը երկրային կյանքից հեռացել է Հայաստանյայց Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայի նախկին դասախոս, Հին Կտակարանի մասնագետ եւ պարզապես Աստծո հավատարիմ ծառա Մարիամ Պողոսյանը: Մարիամի մահը հանկարծակի էր ու անժամանակ, նրան ճանաչողների համար խոր վիշտ է, բայց հույսը, որ մեր քույրը միացել է մեր Տիրոջն ու շարունակում է ապրել Երկնային Արքայությունում, թույլ է տալիս փոքրիշատե մխիթարված զգալ ու հիշել Առաքյալի խոսքերը, թե մեզ համար ապրելը Քրիստոս է, մեռնելը՝ շահ (Փիլիպեցիս 1:21): Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին ցավակցում է Մարիամ Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ծառայակիցներին, հավատակից քույրերին ու եղբայրներին: Ստորեւ ներկայացնում ենք Մարիամի անցած ուղին:
Մարիամ Կառլենի Պողոսյանը ծնվել է 1969թ․ մարտի 8-ին, Գյումրի քաղաքում։ 1986թ․՝ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ:
1992թ․ ամառային ճամբարի ընթացքում ապաշխարել է՝ ընդունելով Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ, որից հետո իր ուխտն ամրապնդել է ջրային մկրտությամբ: 1993թ․-ից սկսած ծառայել է Գյումրիի և Երևանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիներում։
1993-1997թթ․Գյումրիի միջնակարգ դպրոցում աշխարհագրություն է դասավանդել ։
1997-2001թթ․սովորել է Հայաստանյայց Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայում:
2001-2004թթ․ սովորել է Բեյրութում՝ Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցում, ստացել մագիստրոսի կոչում։
1993-2000թթ․ դասախոսել է  Երևանի և Գյումրիի Ավետարանական եկեղեցիներում՝ տարբեր ամառային կոնֆերանսների ժամանակ ։
2001-2004թթ․ուսուցանել է երիտասարդների և չափահասների Բեյրութի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիներում։
2005-2012թթ․ Առաջնորդության սեմինարներ է անցկացրել Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում։
2004-2012թթ․ծառայել է երիտասարդների և չափահասների խմբերում և կիրակնօրյա պաշտամունքների ժամանակ։
2004-2012թթ․Հայաստանյայց Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայում դասավանդել է <<Հին ուխտ>> առարկան ։
2004-2012թթ․Հայաստանյայց Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայում, և Տիկնանց ամառային կոնֆերանսների ընթացքում, Հայաստանում և Մոսկվայում, դասախոսություններ և սեմինարներ է թարգմանել (անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն) ։
2008-2011թթ․աշխատել է որպես սոցիալական աշխատող <<ԱՌԴԱ>> բարեգործական կազմակերպությունում։ 
2011-2012թթ․սովորել է Երիտասարդություն Առաքելությամբ Ազգերի համալսարանի Աշակերտության դպրոցում։ Այնուհետև սովորել է Երիտասարդություն Առաքելությամբ Ազգերի համալսարանի <<Խորհրդատվության ծառայության հիմունքներ>> դպրոցում։
2012թ․կազմակերպել է Խորհրդատվության դպրոցի պրակտիկան Հայաստանում և թարգմանել նրանց դասախոսությունները։ 
2013թ․ սովորել է Երիտասարդություն Առաքելությամբ Ազգերի համալսարանի <<Կախվածության վարքագիծ խորհրդատվության դպրոցում>>։
Վերջին 2 տարվա ընթացքում անցկացրել է անհատական խորհրդատվական ծառայություններ, դասավանդել Ազգերի համալսարանի Աշակերտության դպրոցներում:
Մարիամ Պողոսյանի տեսիլքն էր՝ 2017թ․ Խորհրդատվության դպրոց կազմակերպել  Հայաստանում։
Մարիամն ապրեց իսկապես Աստծո զավակին հարիր կյանք, իրեն ամբողջովին նվիրելով Աստծո Խոսքի կրթությանն ու այդ Խոսքի համաձայն ուրիշներին ծառայություն մատուցելուն: Մարիամ Պողոսյանը մեր հուշերում կմնա որպես բարի, աշխատասեր ու կենսուրախ մարդ, ով կյանքի մինչեւ վերջին օրը հավատարիմ էր Տիրոջը:
«Տեր Եհովայի հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ, Նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու և կապյալներին արձակում․ Տիրոջ համար հրատարակելու տարին, և վրեժխնդրության օրը՝ մեր Աստծո համար բոլոր սգավորներին մխիթարելու համար։» Եսայա 61.1-2