.
Վարդանանց տոն, վասն հավատո ու վասն հայրենյաց նահատակների հիշատակի

Այսօր Սուրբ Վարդանանց տոնն է, որը նշվում է վասն հավատո ու վասն հայրենյաց նահատակների հիշատակի համար ու հերոսների պատվին: 451 թ.-ի Սուրբ Վարդանանց հերոսամարտը, ըստ էության, առաջին պատերազմն էր հանուն քրիստոնեության ու հանուն հավատքի:

«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված... Եթե այս հավատի մեջ թողնես, ո՛չ երկրի վրա ուրիշ տեր կընդունենք քո փոխարեն և ո՛չ էլ երկնքում ուրիշ Աստված կընդունենք Հիսուս Քրիստոսի փոխարեն, որից բացի ուրիշ Աստված չկա... Մեր հավատի ուխտը ո՛չ թե մարդու հետ է, որ երեխայի նման խաբվենք, այլ Աստծու հետ է անլուծելի կերպով, որ անհնար է քանդել ու հեռանալ ո՛չ այժմ և ո՛չ հետո, ո՛չ հավիտյանս և ո՛չ էլ հավիտենից հավիտյանս»:

Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայ նախարարներն ու հոգեւորականներն այսպես պատասխանեցին պարսից արքա Հազկերտին, ով փորձում էր իր տիրապետության տակ հայտված Արեւելյան Հայաստանում ապրող քրիստոնյաներին զրադաշտություն պարտադրել:

Երբ Հազկերտը հասկացավ, որ անհնար է հայերին զրադաշտությունը խոսքով պարտադրել՝ անցավ գործի: Հայոց զորքը թվաքանակով երեք անգամ քիչ էր պարսկական զորքից՝ 66 հազար, սակայն դա չխանգարեց հայորդիներին կյանքի գնով պաշտպանել իրենց հավատքը, կրոնը, հայրենիքն ու ազգային ինքնությունը: Դա նրանց համար գիտակցված վերապրումն էր առաքյալի այն խոսքերի,  որ Քրիստոսի սիրուց ոչինչ չի կարող բաժանել (Հռոմեացիս 8.35-37):

Եղիշե պատմիչի գնահատմամբ, ով ներկա էր Ավարայրի ճակատամարտին սկզբից մինչեւ վերջ, ոչ ոք փախուստի չդիմեց, բաց եւ չհաղթեց՝ կորուստներն այնքան մեծ էին, որ հնարավոր չէր ռազմական գործողությունները շարունակել: Մեզ համար Ավարայրի ճակատամարտը հայերի բարոյական հաղթանակն էր. պահպանվեց հայի ինքնությունը, կրոնը: