.
«Շրջադարձային հանդիպում»՝ ներկայացում Սուրբ Հարության թեմայով

Հայաստանյայաց Ավետարանական Եկեղեցին ու Հայ Ավետարանչական ընկերակցությունը կարևորելով հոգևոր և ազգային տոների դերը նոր սերնդի  հայրենասիրական և բարոյական դաստիարակության գործում, համամարդկային արժեքներին հաղորդակից է դարձնում նաեւ  Ընկերակցության  «Հայասա» թատերախմբի ներկայացումների  միջոցով:

«Շրջադարձային  հանդիպում» ներկայացումը, որը  ցուցադրվեց ապրիլի 8-ին և 9-ին՝ ՀԱԵ Բաղրամյան 18 հասցեում,  նվիրված էր Ս. Զատկին՝ Հիսուսի հրաշափառ Հարությանը, մարդկության պատմության ամենակարևոր իրադարձությանը:

Մինչ ներկայացումների սկիզբը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովվի օգնական վեր. Հովհաննես Հովսեփյանը հանդիսատեսին ներկայացրեց Ս. Հարության տոնի խորհուրդը, խնդրեց, որպեսզի ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեն սահմանամերձ բնակավայրերում վերջին օրերին զոհված խաղաղ բնակիչների և զինվորների հիշատակը: Իսկ Հայայստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանն աղոթեց Հայրենիքի և այն պաշտպանող զինվորների համար:

Ներկայացումը սկսվեց… Հրապարակում գազազած ամբոխը սպասում էր Հիսուսի դատավարությանը, որն ամենաանարդարն ու ամենադաժանն էր լինելու մարդկության ողջ պատմության ընթացքում:

Ըստ պիեսի, մահապատժից առաջ մի ամբողջ գիշեր Հիսուսը պետք է մնար հրապարակում իր և մյուս ավազակների համար պատրաստված ճաղավանդակների մեջ:

Կեսգիշերին Պոնտացի Պիղատոսի զինվորները նրա մոտ են բերում մի որբ, թափառաշրջիկ երեխայի, ով մեղադրվում էր պանդոկապանից հաց գողանալու մեջ: Փոքրիկի կյանքը լիովին փոխվում է Հիսուսի հետ հանդիպումից հետո, ու նա հասկանում է գլխավոր ճշմարտությունը, որը արտասանում է նաեւ Հիսուսի դատարկ գերեզմանի մոտ. «Աստված հարություն առավ, ու ապրում է մեր սրտերում»:

Նախորդ
...
X