.
Ապրիլի 24: Հիշատակի պաշտամունք եվ քայլերթ դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ն այս տարի կիրակի էր: ՀԱԵ երեւանի եւ այլ քաղաքների համայքները Բաղրամյան 18-ում նախ մասնակցեցին հիշատակի միասնական պաշտամունքին: Հայտագրում հատուկ տեղ էր հատկացված 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանված 1,5 միլիոն հայերի հիշատակությանը: Տեսաձայնային պատկերաշարով անդրադարձ եղավ 101 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությանը: Այնուհետեւ, պատգամի ընթացքում, ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը սաղմոս 3-ի օրինակով հորդորեց հավատացյալներին նույնիսկ նեղության մեջ, վստահել Աստծուն, եւ աղոթել հայ ազգի համար: Պաշտամունքի ընթացքում հանգանակված գումարը նույնպես հատուկ նպատակով էր, այն փոխանցվելու է Արցախի սահմանները պաշտպանող զինվորների կարիքների համար:

 Հիշատակի պաշտամունքից հետո, հավատացյալները, հոգեւոր հովիվների առաջնորդությամբ, Բաղրամյան պողոտայից քայլերթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցների հետ միասին, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, որի հազարավոր զավակներ ցեղասպանվեցին, հարյուրավոր եկեղեցիներ ու դպրոցներ քանդվեցին Օսմանյան Թուրքիայում, իսկ վերապրածները շարունակեցին իրենց ծառայությունը սփյուռքում, ՀԻՇՈՒՄ Է ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ, որպեսզի արդարությունը վերականգնվի, բռնագրավված հողերը վերադարձվեն, եւ Հայ ժողովուրդը՝ վերագտնելով հայրենի հողը, շրջի կյանքի սեւ էջն ու  ապրի նոր ու լուսավոր, խաղաղ ու առանց ատելության ապագայով:    

Նախորդ
...
X