.
Հայաստանի Հանրապետության ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱԵ 170-ԱՄՅԱԿԸ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170-ամյակի առթիվ:

«Շնորհավորում եմ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցուն հիմնադրման 170-ամյակի կապակցությամբ:

Հայ ավետարանական շարժումը և արդյունքում 1846 թվականի հուլիսի 1-ին ստեղծված Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն են՝ 170-ամյա կրթական-լուսավորական, հոգևոր և բարեգործական գործունեությամբ:

ՀԱԵ-ն Հայաստանի անկախությունից ի վեր գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի և Արցախի հայրենաշեն աշխատանքներին, հայ գաղթօջախներում ծավալել հայրենասիրական գործունեություն, հետամուտ եղել հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության համազգային գործին:

Ողջունելի է, որ ՀԱԵ-ն համագործակցում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ և ընդունում նրան որպես Մայր եկեղեցի:

Վստահ եմ, որ ՀԱԵ-ն 170 տարիների հարուստ փորձառությամբ և մեծ վաստակով շարունակելու է իր հոգևոր ու ազգաշեն առաքելությունն ի սպաս դնել հայրենի պետականության ամրապնդման, հայ ժողովրդի հոգևոր վերածննդի համընդհանուր գործին»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: 

Աղբյուր՝ www.president.am