.
Մանուկների պաշտպանության օրվա «Խաղաղության երկինքը»

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա՛ է մեծ: Եվ ով որ իմ անունուվ մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կընդունի» (Մատթ. 18:3-5): 

Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը կարեւորում էր մանուկներին, օրինակ բերում, ու կոչ անում ընդունել ու պաշտպանել նրանց: Մանուկների պաշտպանության միջազգային օրն առիթ էր վերհիշելու Ավետարանի խոսքերն ու եւս մեկ անգամ արտահայտելու մեր հոգատարությունը մանուկների հանդեպ:

ՀԱԵ Բաղրամյան 18-ում հունիսի 1-ին իսկական տոն էր: Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը երեխաների համար անմոռանալի դարձրեցին տոնական միջոցառմամբ: Մուտքն ազատ էր բոլոր երեխաների համար:

«Խաղաղության երկինք» խորագրով տոնական միջոցառումը երկու մասից էր բաղկացած։ Նախ երեխաները մասնակցեցին ուրախ ծաղրածուների կազմակերպած ինտերակտիվ բացօթյա զվարճանքներին: Ուրախ երաժշտություն, պարեր, էստաֆետային ու զվարճալի խաղեր, օճառային պղպջակների գեղեցիկ շոու, շատ ու գունավոր փուչիկներ՝ այն ամենն ինչ հարկավոր էր մանուկներին այդ պահին երջանիկ ու բավարարված զգալու համար: Փոքրիկներին իրենց երգով անամպ երկինք, պայծառ արեւ ու խաղաղություն մաղթեցին նաեւ ՀԱԵ Բաղրամյան 18-ի կիրակնօրյա դպրոցի երգչախմբի երեխաները:

Խաղաղությունն անհրաժեշտ է երեխաներին ապահով ու պաշտպանված մանկության համար, համոզված են միջոցառման կազմակերպիչները: Եւ որպեսզի «Խաղաղության երկինք» խորհրդանշական անվանումը կրող  միջոցառումը մնար մանուկների հիշողության մեջ, բացօթյա ծրագրի ավարտին երեխաները ծրարի մեջ տեղադրեցին խաղաղության մասին իրենց պատկերացումներն ու մաղթանքները: Խաղաղությանը ձոնված տողերը փուչիկները ծրարով երկինք բարձրացրեցին:

Միջոցառման երկրորդ հատվածում, արդեն ՀԱԵ դահլիճում, երեխաներին մեկ այլ անակնկալ էր սպասվում: Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի ՅՈւՆԻՄԱ-ՀԱՅԱՍՏԱՆԸ երեխաներին «Նեի ճամփորդությունը» ուսուցողական տիկնիկային ներկայացումը ցուցադրեց։

Երկու ժամ լիարժեք ուրախություն, զվարճանք եւ հաճույք: Երեխաները հեռացան գոհ աչքերով, լայն ժպիտներով եւ իրենց խաղաղության համար Աստծուն շնորհակալ սրտով: 

Նախորդ
...
X