.
Ստամբուլում ՀԱԵ «Քամփ Արմեն» պատանեկան տունը նոր շունչ կստանա

Այս օրերին Երևանում էին Ստամբուլի Գետիկ փաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ վեր. Գրիգոր Աղաբալօղլին, «Հրանտ Դինք» հիմնադրամի պատասխանատու աշխատող Դելալ Դինքը, ճարտարագետ   Նազարեթ Բինաթլը, ճարտարապետներ Ալին Փոնթիօղլուն, Ժան Գավրիլովը,  բարերարներ  Հարութ և Դալար Խորոզօղլուները: Նրանք բոլորն էլ Ստամբուլի թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» պատանեկան տան շինարարական վերականգնողական աշխատանքների հանձնախմբի անդամներ են:

Երևանում գտնվելու նպատակը մանկական երիտասարդական ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին ծանոթանալն ու «Քամփ Արմեն» պատանեկան տանը  հանգրվանող հայ երեխաների ամառային հանգստի կազմակերպման, ստեղծագորածական մտածողության և գեղարվեստական ընդունակությունների զարգացման համար դրական օրինակներ վերցնելն էր:
Հյուրերը եղան «Թումո ստեղծարար տեղխնոլոգիաների կենտրոնում», Հայ Ավետարանչական ընկերակցության  Նոր նորքի «Շող» ցերեկային կենտրոնում, ՀՀ Սփյուռքի նախարարությունում: 

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ի դեմս նրանց երախտագիտություն հայտնեց ամբողջ պոլսահայությանը՝ իրենց ազգային ինքնությանը հավատարիմ մնալու և հայեցի ապրելու օրինակ ծառայելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Ստամբուլի Գետիկփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցու տարածքում գործող Հայաստանցի երեխաների դպրոցին: Նախարարը շնորհակալություն հայտնեց Վերապատվելի Աղաբալօղլուին՝  իր ուշադիր և սրտացավ վերաբերմունքի, ինչպես նաև դպրոցի հովանավորներ Հարութ և Դալար Խորոզօղլուներին՝  իրենց ֆինանսական աջակցության համար:

Դելալ Դինքը ներկայացրեց «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող բազմաբնույթ աշխատանքները, որոնց մեջ ներկայումս շատ կարևոր տեղ է զբաղեցնում մատենաշարային մի հրատարակություն, որն ընդգրկելու է Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների մշակութային հուշարձանները: Նա նախարարին նվիրեց մատենաշարի առաջին հատորը, որը ներկայացնում է Կեսարիայի հայ և հույն ժողովուրդների մշակութային և հոգևոր հուշարձանները:

Բարձր գնահատելով պատվիրակության յուրաքանչյուր անդամի գործունեությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հավաստիացրեց, որ Հայաստանում խորապես հասկանում են Թուրքիայում բնակվող հայության դժվարություններն ու ջանքերը և հույս հայտնեց, որ խելամիտ ու ճիշտ քաղաքականությամբ նրանք կկարողանան հավերժ պահպանել հայության ներկայությունն ու լավագուն ավանդույթների շարունակականությունն այդ երկրում:

Քննարկվեցին նաև Հայաստանի հետ կապերի սերտացման, ինչպես նաև նախարարության ամառային ծրագրերին համայնքի երիտասարդների մասնակցության հետ կապված հարցեր:

Ավելի մանրամասն՝  http://www.mindiaspora.am/am/News/4666 , 

                                               http://www.amaa.am/am

Նախորդ
...
X